Մինսկի խումբ. Երևանը պատրաստ է քննարկել միջադեպերի հետաքննման մեխանիզմը, կոչ ենք անում Բաքվին էլ համաձայնվել

Մինսկի խումբ. Երևանը պատրաստ է քննարկել միջադեպերի հետաքննման մեխանիզմը, կոչ ենք անում Բաքվին էլ համաձայնվել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ հայտարարությամբ: Նրանում, մասնավորապես, նշվում է, որ համանախագահներ Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ), Պիեր Անդրեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ ԱՆջեյ Կասպրշիկը առանձին ու համատեղ հանդիպումներ անցկացրին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնվեցին աշխատել մինչև տարեվերջ պլանավորված երկու նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Համանախագահները կոչ արեցին երկու երկրների նախագահներին ընդունել ԵԱՀԿ առաջարկած շփման ռեժիմի խախտման միջադեպերի քննության մեխանիզմը, այլապես կողմերը շարունակելու են մեղադրել իրար իրավիճակի սրման պատասխանատվության համար: «Հայաստանը համաձայն է քննարկել մեխանիզմի մանրամասները, կոչ ենք անում Ադրբեջանին նույն կերպ վարվել», - ասվում է հայտարարությունում:

Համանախագահները նաև քննադատեցին վերջին 24 ժամում հրետանու կիրառումն ու կոչ արեցին կողմերին իրագործել երկու երկրների հասարակությունների միջև փոխվստահության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանցի զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին: Սեպտեմբերի 25-ին` թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ 5 կմ թիկունքում զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, ևս 16-ը վիրավորվել է: Բացի այդ, հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը կիռառել է փողայկին հրետանի՝ 122-մմ Դ-30 հաուբիցներ:

Ի պատասխան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:

Իր հերթին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար», - ասել է նա:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---