29  10.10.15 - Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը

Երևանում Ֆրանկոֆոնիայի համաժողովն է. Հակամարտությունները սպառնում են նաև ֆրանկոֆոն տարածքի անվտանգությանը

Երևանում Ֆրանկոֆոնիայի համաժողովն է. Հակամարտությունները սպառնում են նաև ֆրանկոֆոն տարածքի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Նստաշրջանի բացման արարողությանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդես եկել ելույթով:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետության արտաքին գործերի նախարարներին:

Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության մոտ 500 ներկայացուցիչ:

«Սա բացառիկ միջոցառում է մեր երկրի համար: Այս համաժողովը լավագույն առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու ֆրանկոֆոն մշակույթը և ամփոփելու ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում տիրող ֆրանկոֆոն հանդիսավոր մթնոլորտը: Հայաստանը դարերի խորքից եկող ամուր կապեր ունի Ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ երկրներից շատերի հետ: Դեռ մոտ մեկ հազարամյակ առաջ ֆրանսերենը Միջերկրական ծովի ափերին տեղակայված Կիլիկիայի հայկական թագավորությունում հայոց արքունիքի պաշտոնական գրագրության և արվեստի լեզու էր», - ասել է նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը հաստատակամորեն իրականացնում է Ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած՝ ֆրանսերեն լեզվի տարածման ու խորացման հանձնառությունը:

Սարգսյանի խոսքով՝ այսօր աշխարհի հինգ մայրցամաքը ներկայացնող 80 պետություն և կառավարություն, այդ թվում նաև առանձին կազմավորումներ ներկայացնող կազմակերպության մաս լինելը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ընձեռում պատմական կապերի ամրապնդման և նորերի հաստատման ու խորացման համար:

Նախագահն ընդգծել է, որ այսօր մենք ապրում ենք միջազգային ասպարեզում ի հայտ եկած նոր ճգնաժամերի և սպառնալիքների պայմաններում, բաժանարար գծերի խորացման ականատես ենք դառնում: Ուստի, առանձնակի կարևորություն են ստանում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները, որոնք ոչ թե բաժանում են, այլ միավորում։

« Մենք պետք է ամրապնդենք մեր կառույցները, բարձրացնենք դրանց արդյունավետությունն ու նշանակությունը։ Այս առումով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը բացառիկ կարևորություն ունի. չէ՞ որ մենք համախմբվել ենք առաջին հերթին արժեքային նկատառումներից ելնելով, ինչը թանկ է ու հարատև միավորող գործոն՝ ներկայիս աշխարհում», - ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ցավոք, հակամարտությունները և ճգնաժամերը շարունակում են սպառնալ նաև ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների անվտանգությանը և վտանգել կայուն զարգացումը: Պատահական չէր, որ Հայաստանը, որպես նախարարական համաժողովի գլխավոր թեմա, առաջարկել է հենց «Խաղաղությունը, հանդուրժողականությունը, երկխոսությունը և փոխըմբռնումը ֆրանկոֆոն տարածքում» թեման: Մենք հավատում ենք, որ հանդուրժողականության միջոցով կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից: Եվ հակառակը՝ անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել ճգնաժամերի, հակամարտությունների և անգամ մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության իրականացման։ Մենք դա սեփական փորձով գիտենք։

Այս համատեքստում նախագահն ընդգծել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում ֆրանկոֆոն ընտանիքի համերաշխությունն ու զորակցությունը հայ ժողովրդին՝ արտահայտված կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության միջոցով:

«Մեր խորին համոզումն է, որ միայն բոլորիս ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները և անցյալից դասեր քաղելով՝ պահպանել և հարգել համամարդկային, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները: Հանդուրժողականության, խաղաղ գոյատևման և ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է», - հավելել է Սարգսյանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ազդարարելով նստաշրջանի մեկնարկն, ասել է, որ կարևոր իրադարձություն է ինչպես իրենց կազմակերպության, այնպես էլ Հայաստանի համար:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ կընդունվեն համապատասխան բանաձևեր։Նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված է նաև հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը:

Հայաստան են ժամանել Ֆրանսիայից և Հայիթիից երաժշտական խմբեր:Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ուր ընթանում է նախարարական համաժողովը, կազմակերպվել է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների և հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսներ:

Հոկտեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել խոսքով:

«Մենք օգտվեցինք այս առիթից, որպեսզի հանդիպում անցկացնենք, քննարկենք Ֆրանսիայի և Հայաստանի միջև, ինչպես մենք կոչում ենք՝ առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Բնականաբար, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որովհետև, գիտեք, որ Ֆրանսիան եռանախագահող երկրներից մեկն է: Ես իմ զրուցակցին ներկայացրի այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման, սադրանքների հետևանքով թե Հայաստանի սահմանին, թե Ղարաբաղի հետ շփման գծում։ Իսկապես, իրավիճակը բավական սրվել է: Ես վերահաստատեցի, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ միասին ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը», - ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ քանի որ Դեզիրը Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարարն է, անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, և հաստատվել է երկու կողմի ցանկությունը նոր իրավական հենք ստեղծել գործակցության համար։

«Այս կապակցությամբ հույս ունենք, որ մոտակա օրերս՝ հնարավոր է արդեն, որ հաջորդ շաբաթ ընթացքում, Եվրամիությունը կհաստատի իր բանակցային թիմի մանդատը, և մենք կսկսենք բանակցությունները Եվրամիության հետ համապատասխան փաստաթղթի մշակման և կնքման վերաբերյալ», - հավելել է արտգործնախարարը:

Կողմերը քննարկել են նաև բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային խնդիրների։ Խոսեցինք Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպման օրակարգի մասին։ Անդրադարձվել է տարբեր միջազգային կառույցների շրջանակներում մեր գործակցությանը:

Հոկտեմբերի 9-ին կայացել է Նալբանդյանի և Կանադայի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստիան Պարադիի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարը նշել, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն գործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում և վերջին շրջանում բարձրաստիճան շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար: Նախարար Պարադին երախտագիտություն հայտնել Դակարի գագաթաժողովում ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Կանադայի կողմից առաջարկված՝ Միկայել Ժանի թեկնածությանը սատարելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, առևտրատնտեսական գործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Նախարարն ընդգծել այն նշանակալի դերը, որը խաղում է կանադահայ համայնքը իր երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում:

Նալբանդյանն ու Պարադին մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Այս համատեքստում Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ապաստան են գտել Սիրիայից ժամանած մոտ 17000 փախստական: Պարադին իր հերթին ներկայացրեց Մերձավոր Արևելքում փախստականներին և տեղահանված անձանց Կանադայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---