ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև 2015-ի ավարտը

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև  2015-ի ավարտը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև տարեվերջ: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նախարարի առաջին տեղակալը հայտնել է, որ նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

Փաստաթղթերից մեկը վերաբերում է Եվրոպական միության «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» (COSME) ծրագրին ՀՀ մասնակցությանը, երկրորդը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի ոլորտում աջակցությանն ուղղված ծրագրին, որի շուրջ արդեն մի քանի ամիս աշխատում են: Մելքոնյանը նշել է, որ դեռևս տարեսկզբին տեղի ունեցած մասնագիտական քննարկումների ժամանակ ձևավորվել է հարցերի այն շրջանակը, որոնք բանակցությունների համար հիմք կհանդիսանան, գրում է Panorama.am-ը:

«Բանակցությունները հիմնականում ընթանալու են մասնագիտական քննարկումների ժամանակ ուրվագծված ուղղությունների շուրջ: Այստեղ մենք չենք ներառելու ազատ առևտրի բաղադրիչը, այսինքն՝ տարիֆների զրոյացում չի լինելու: Մնացած ոլորտային գործակցության մասով բազմաթիվ հարցեր կան, որոնք փորձելու ենք հնարավորինս ներառել բանակցություններում», - ասել է Մելքոնյանը` հավելելով, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսվում էր գործակցություն 28 ոլորտում, նոր համաձայնագրում ևս կընդգրկվեն գործակցության համար բոլոր հնարավոր ոլորտները:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

«Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ գործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը», - ասել է արտգործնախարարը: Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ողջունում է ԵՄ և ՀՀ միջև համագործակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---