ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել

ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրի ստորագրումը կարող է նոր մակարդակի բարձրացնել կողմերի գործակցությունը: Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվող ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով գործակցության ենթակոմիտեի տասնչորսերորդ նիստում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

«Սա շատ կարևոր զարգացում է: Թեպետ համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել, մասնավորապես առևտրի հարցերում, սակայն համաձայնագիրը կարող է շատ շահեկան դերակատարում ունենալ և նպաստել, որպեսզի Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները ամրապնդվեն և բարձրացվեն նոր մակարդակի», - ասել է Սվիտալսկին: Նա հույս հայտմել, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կանցկացվեն կառուցողական միջավայրում և շատ շուտով կկնքվի հաձայնագիրը. «Սա կողմերի երկուստեք ցանկությունն է»:

Սվիտալսկին նկատել է, որ Հայաստանն արդեն իսկ օգուտներ քաղում է GSP+ ծրագրի մասնակցությունից բխող արտոնյալ կարգավիճակից, ինչի արդյունքում հայկական ապրանքներն արտոնյալ պայմաններով են մուտք գործում եվրոպական շուկաներ:

«Բայց ներուժը շատ ավելի մեծ է, և ես հուսով եմ, որ Հայաստանը լավ ռազմավարություն կմշակի իր ապրանքներն այնպես գովազդելու և ներկայացնելու, որ դրանք եվրոպական շուկայում մրցունակ լինեն», - հավելել է նա, գրում է Panorama.am-ը:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն նաև օտարերկրյա կամ արտաքին խոշորագույն ներդրողն է Հայաստանում, ուստի կարծում է, որ այս տարի Հայաստանում կատարվող ուղղակի ներդրումների ավելի քան 50%-ը բաժին է ընկնելու ԵՄ երկրներին:

«ԵՄ-ն հանձնառու է Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակի բարձրացմանը: Այս գործընթացում հաջողության հասնելու համար շատ պարզ բաներ են պետք: Օտարերկրյա ներդրողները պետք է իմանան, թե ինչի է ուզում Հայաստանը հասնել 10-15 տարուց: Բոլորս գիտենք, որ ԵՄ-ն պատրաստ է 1,5 միլիոն տրամադրել Հայաստանին՝ զարգացման տեսլականը մշակելու համար: Դա կօգնի ԵՄ ներդրողներին և ԵՄ-ին, որպես համագործակցությամբ աջակցող գործընկերոջ, որպեսզի ծրագրերը հղկվեն: Հուսով եմ՝ հայկական կողմն այդ հնարավորությունը կօգտագործի և այդ ծրագիրը բաց չի թողնի», - ասել է Սվիտալսկին:

Կարևոր հարցը, ըստ նրա, այն է, որ Հայաստանին անհրաժեշտ է թափանցիկ և կանխատեսելի իրավական օրենսդրական համակարգ. «Կարծում եմ, որ Հայաստանն այս ուղղով էլ կշարունակի առաջընթաց արձանագրել»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

«Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ գործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը», - ասել է արտգործնախարարը: Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ողջունում է ԵՄ և ՀՀ միջև համագործակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---