ԱՄՆ կոնգրեսականներն Օբամային կոչ են անում խաղաղապահական միջոցառումներ իրականացնել ԼՂ-Ադրբեջան շփման գծում

ԱՄՆ կոնգրեսականներն Օբամային  կոչ են անում խաղաղապահական միջոցառումներ իրականացնել  ԼՂ-Ադրբեջան     շփման գծում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի 85 անդամ` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնջլի գլխավորությամբ, բաց նամակով դիմել են նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գոտիներում ագրեսիայի և բռնության տարածումը կանխող խաղաղասիրական միջոցառումների իրականացմանն աջակցելու կոչով։

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունն ու բռնությունը կտրուկ աճել է, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ի իշխանությունները հնչեցնում են քննադատական տեսակետներ, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Սակայն այդ քննադատությունները տեղ չեն հասնում, և վարչակազմը հետագա ներգրավվածություն չի ցուցաբերում խնդրի լուծման համար։ Նման քաղաքականությունը պետք է փոխել: Նամակում մենք առաջարկում ենք մի քանի խելամիտ քայլ ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համար` հետագա բռնությունները կանխելու նպատակով: Նախևառաջ՝ բոլոր կողմերին կոչ է արվում հետ քաշել դիպուկահարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումն իրականացնողներին մշտապես պահել շփման գծում ու նրանց զինել այնպիսի տեխնոլոգիական համակարգերով, որոնք ճշգրտորեն կարձանագրեն շփման գծում տեղի ունեցած յուրաքանչյուր խախտում»,-նշված է նամակում։

Հոկտեմբերի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Բաղրամյան» զորավարժարանում լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր խաղաղարար օպերացիաներին աշխարհի «թեժ կետերում»: «Իրավիճակն այսօր սրվել է բոլոր ուղղություններով: Աշխարհի բոլոր «թեժ կետերում», որոնք գոյություն ունեն, այսօր ակնհայտ երևում է, որ հարկավոր է կիրառել խաղաղապահ ուժեր:

Այդ իսկ պատճառով կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների մշակումը նախապատրաստում է հնարավոր օպերացիաների»,- ասել է Բորդյուժան՝ հավելելով, թե չի կարծում, որ դրանք կլինեն, բայց անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել խաղաղապահ ուժերի կիրառմանը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել «ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին» նվիրված նախարարական միջոցառմանը՝ հայտարարելով, որ Խաղաղապահությունը ԼՂ կարգավորման հիմնարար տարրերից է: Ըստ Նալբանդյանի՝ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու մասին պարբերաբար տարածվող խոսակցթյունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան նա հայրարարել է, թե ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, և թեման արդեն իսկ քննարկվել է», - ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---