Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ՝ ֆրանցիսկյան միաբանության գլխավոր եկեղեցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ՝ ֆրանցիսկյան միաբանության գլխավոր եկեղեցում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին՝ Իտալիայի Ասիզի քաղաքի Սբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ՝ եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ասիզիի Սբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան մոտ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի կաթոլիկ պահապան Սբ Ֆրանցիսկոսի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը:

Պատարագին հայր Գոլյիելմո Սպիրիտոն խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդի մասին, իր համերաշխությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ արել Դանիել Վարուժանի ստեղծագործություններից:

Պատարագից հետո կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ:

Խաչքարի օծման արարողությունից հետո դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք է ուղղել Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության գործակցությամբ 2015-ի մարտից եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել նաև Արթուր Հակոբյանին և Իտալիայի հայերի միությանը՝ դեսպանության նախաձեռնություններին մշտական աջակցության համար:

Դեսպանը նկատել է, որ անցյալի ցեղասպանությունների հիշողությունը պահպանելու անհրաժեշտության հարցում անտարբերությունը, լռությունը և ժխտողականությունը մարդկության դեմ նոր ոճիրների պատճառ են դառնում: Այդ համատեքստում նա անդրադարձել է Միջին Արևելքում «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող վայրագություններին:

Դեսպան Ղազարյանը ներկայացրել է նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով միջազգային հարթակներում Հայաստանի կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարվող աշխատանքները: Էկումենիկ պատարագին և խաչքարի օծման արարողությանը ներկա էին Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին, իտալական և եվրոպական խորհրդարանների անդամներ, քաղաքի հոգևոր, հասարակական ու քաղաքական շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Իտալիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000-ին:

2015-ի հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին:

Աբրուցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է:

2015-ի հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Իտալիայի Մարկեի նահանգային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը զորակցություն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015-ի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում:

2015-ի հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավենա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2012-ի ապրիլի 17-ին Իտալիայի Սկաֆատի քաղաքի խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում՝ «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

2012-ին Իտալական Ռիետի քաղաքի (Ռիետի նահանգ, Լացիո շրջան) քաղաքային խորհուրդը, որտեղ մոտ 48 հազար մարդ է բնակվում, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

2012-ին Իտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքի իշխանությունները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 24 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---