ՀՖՖ նախագահը դավաճանության մեջ է կասկածում Ալբանիայի հետ հանդիպմանը մասնակցած որոշ ֆուտբոլիստների

ՀՖՖ նախագահը դավաճանության մեջ է կասկածում Ալբանիայի հետ հանդիպմանը մասնակցած որոշ ֆուտբոլիստների

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի շարք հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսեց ֆուտբոլում և հավաքականում առաջացած խնդիրների մասին, ինչպես նաև «Առաջին հայկական ճակատ» (First Armenian Front, FAF) երկրպագուների ճակատի՝ ֆուտբոլի բարեփոխման ուղղված պահանջներին:

Հայրապետյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Ալբանիայի ընտրանու հետ հանդիպման խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից եղել է խաղի դավաճանություն: «Աշխարհի լավագույն մարզիչն էլ լիներ՝ արդյունքը սա էր լինելու», - ասաց Հայրապետյանը: Նա նշեց, որ այս պահին ֆեդերացիան ուսումնասիրում է խաղն ու հայտնաբերելու է մեղավորներին: Միաժամանակ, Հայրապետյանն ընդգծեց, որ խոսքը գնում է միայն որոշ ֆուտբոլիստների գործողությունների մասին, ամբողջ հավաքականին կասկածել չի կարելի:

Հայրապետյանը հայտարարեց, որ չի հանգստանա, մինչև «ջրի երես» չհանի խաղի հետ կապված խնդիրները: Դավաճանության վերացումն, ըստ Հայրապետյանի, իր ամենամեծ ձեռքբերումն էր ՀՖՖ նախագահ դառնալուց ի վեր, ու երևույթի վերադարձն էլ իր ամենամեծ ձախողումն է: Նա ընդգծեց, որ խնդիրը չհաղթահարելու դեպքում կհայտարարի, որ ի վիճակի չէ ղեկավարել ֆեդերացիան ու կհեռանա պաշտոնից:

Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ալբանիայի դեմ խաղի առաջին երկու գոլը գրանցվել էին Կամո Հովհաննիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի ինքնագոլերից հետո։ Տեղեկությունը, թե ալբանական կողմը գնել է հայ ֆուտբոլիստներին, խաղից հետո սկսեցին տարածել ալբանական ու սերբական ԶԼՄ-ները։ Հայաստան-Սերբիա հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի I խմբի վերջին խաղն էր: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակից հետո Ալբանիայի հավաքականը վաստակեց 14 միավոր և, շրջանցելով Դանիային, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելով: Հոկտեմբերի 13-ին սերբական Kurir.rs պարբերականը գրել էր, որ ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հետաքննել Հայաստան-Ալբանիա (0-3) հանդիպումից հետո տարածված լուրերը, թե ալբանացիները 500․000-ական եվրո են վճարել հայ 4 ֆուտբոլիստի խաղը հանձնելու և իրենց երկրի հավաքականին հաղթանակ ապահովելու համար։

UEFA-ն՝ մեկնաբանելով լուրերը, հայտնել էր PanARMENIAN.Net ին, որ կոնկրետ խաղի համար մեկնաբանություն չունի ու հետաքննություն է սկսում միայն եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում:

Խոսելով Սարգիս Հովսեփյանի փոխարեն հավաքականի համար նոր մարզիչ բերելու FAF պահանջի մասին, Հայրապետյանը նախ նշեց, որ Հովսեփյանը հրավիրված էր որպես մարզչի պաշտոնակատար, ու հավաքականը նոր մարզիչ կունենա: Այն, ամենայն հավանականությամբ, տեղացի մասնագետ է լինելու: Արտասահմանյան մարզիչ աշխատանքի հրավիրելը անվանեց իր մեծագույն սխալներից մեկը, նշելով, որ Բերնար Շալանդը, մտածելով, որ գործ ունի պրոֆեսիոնալների հետ, չափից ավելի ազատություն տվեց նրանց:

Հայրապետյանը հայտարարեց, որ հավաքականում լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ կան. թեև կան հավաքականին նվիրված մի քանի ֆուտբոլիստներ, ոմանք ուղղակի չեն ուզում խաղալ: Մասնավորապես, Հայրապետյանը հայտնեց, որ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը չէին ուզում խաղադաշտ դուրս գալ Ֆրանսիայի հետ ընկերական հանդիպումից առաջ, իսկ Կարլեն Մկրտչյանն, իր բնութագրմամբ, պարզապես ընկավ և փախավ Պորտուգալիայի հետ հանդիպման ժամանակ, չնայած որևէ վնասվածք չուներ:

«Անթասիբ ու երկիրը չսիրող խաղացողների մեջ է խնդիրը», - ասաց նա: Նշելով, որ ֆուտբոլիստներից ձգտում են պարզապես գնալ արտասահման, լավ պայմանագիր կնքել ու նոր արդյունքների չեն ձգտում: Միակ լուծումն է ունենալ 30 հավասար խաղային մակարդակով ֆուտբոլիստ, որպեսզի թիմում ոչ ոք չլինի ու չհամարի իրեն անփոխարինելի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---