Ֆուտբոլիստները` ՀՖՖ նախագահի հայտարարության մասին. Հավաքականում դավաճան չկա

Ֆուտբոլիստները` ՀՖՖ նախագահի հայտարարության մասին. Հավաքականում դավաճան չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին արձագանքող հայտարարությամբ են հանդես եկել:

«Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու», - ասվում է Armfootball.com-ի տարածված հայտարարության մեջ:

«Հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված և անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք և վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին: Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի` վնաս տալով թեʹ մեր առողջությանը, թեʹ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային:

Մեր հավաքականում միշտ եղել է, և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ և ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով», - ընդգծում են հայտարարությանը միացած ֆուտբոլիստները:

Նոյեմբերի 25-ին մի շարք ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի `Ալբանիայի ընտրանու հետ հանդիպման խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից եղել է խաղի դավաճանություն, սակայն չի նշել կասկածվող ֆուտբոլիստների անունները:

Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ալբանիայի դեմ խաղի առաջին երկու գոլը գրանցվել էին Կամո Հովհաննիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի ինքնագոլերից հետո։ Տեղեկությունը, թե ալբանական կողմը գնել է հայ ֆուտբոլիստներին, խաղից հետո սկսեցին տարածել ալբանական ու սերբական ԶԼՄ-ները։ Հայաստան-Սերբիա հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի I խմբի վերջին խաղն էր: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակից հետո Ալբանիայի հավաքականը վաստակեց 14 միավոր և, շրջանցելով Դանիային, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելով: Հոկտեմբերի 13-ին սերբական Kurir.rs պարբերականը գրել էր, որ ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հետաքննել Հայաստան-Ալբանիա (0-3) հանդիպումից հետո տարածված լուրերը, թե ալբանացիները 500․000-ական եվրո են վճարել հայ 4 ֆուտբոլիստի խաղը հանձնելու և իրենց երկրի հավաքականին հաղթանակ ապահովելու համար։

UEFA-ն՝ մեկնաբանելով լուրերը, հայտնել էր PanARMENIAN.Net ին, որ կոնկրետ խաղի համար մեկնաբանություն չունի ու հետաքննություն է սկսում միայն եթե որևէ արտասովոր բան է բացահայտվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---