Արագոնի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Արագոնի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին  բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի 2-ին Իսպանիայի ինքնավար համայնք Արագոնի խորհրդարանը ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ ) կազմակերպության կողմից և մի շարք օրենսդիրների մասնակցությամբ դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպած ճանաչողական բազմաթիվ այցերի արդյունքում: Պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով:

Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական կառավարությանը՝ ընդունել այս պատմական իրողությունը:

Հաշվի առնելով, որ 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, միջազգային մի շարք կազմակերպություններ, ներառյալ Եվրոպական խորհրդարանը և քաղաքական մարմիններ հանդես են եկել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջնորդություններով: Հռոմի Պապ Ֆրանցիսկո առաջինը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015-ի ապրիլին ընդունած հռչակագրով: Այս բոլոր իրողությունները ամփոփված են Արագոնի խորհրդարանի ընդունած փաստաթղթում:

Բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ի նշան համերաշխության և եվրոպական արդարության: Այն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ցեղասպանության կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը պետք է ընդունի որպես բարձրագույն առաջնահերթություն:

Բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝ օգտագործել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը որպես ճանաչման հնարավորություն, բաց անել թուրքական արխիվները և ընտրել հաշտեցման ուղին թուրք և հայ ժողովուրդների միջև: Այն նաև ընդգծում է, որ թուրք մտավորականների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի ստվար զանգված ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչի հիման վրա հորդորում է նաև թուրքական կառույցներին վարվել նույնկերպ:

«Բավականին հուսադրող է տեսնել, որ այս տարի ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև ԵՄ անդամ երկրները և ռեգիոնալ խորհրդարանները ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր»,- մեկնաբանում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան՝ հավելելով, որ սա կարելի է ընդունել որպես Թուրքիային ուղղված ուղերձ, և որ Եվրոպան սպասում է, որ Թուրքիան ճանաչի սեփական պատմությունը:

Նրա խոսքով՝ այսօր հստակ ազդանշան է ուղղվում նաև հայերին: Արագոնցիները կանգնած են հայերի կողքին՝ ճանաչելով 21-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Բանաձևը կոչ է անում Իսպանիային՝ օգնել, որ Թուրքիան պահի իր խոստումը՝ պաշտպանել և պահպանել հայկական մշակութային ժառանգությունն իր տարածքում և առավել ակտիվ դերակատարություն ցուցաբերել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությանը նպաստելու գործում: Եվրոպական պատմությունը ազգերի միջև հաշտության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք կարող են ծառայել որպես ուղենիշ:

Արագոնը ինքնավար համայնք է Իսպանիայի հյուսիս-արևելյան մասում, որը սահմանակից է Ֆրանսիային: Ունի 1,2 մլն բնակչություն և 47, 719 ք/կմ տարածք (փոքր-ինչ ավելի մեծ է, քան Էստոնիան): Այն Իսպանիայի հինգերորդ համայնքն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կզղիներից և Նավարեից հետո:

Նոյեմբերի 28-ին Վալենսիայի մարզի Ալսիրա քաղաքը լրացրեց իսպանական այն 11 քաղաքների շարքը, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանություն

2015-ի հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2015-ի սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունը միաձայն կողմ է քվեարկել՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը Ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևին: Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին 2015-ի ապրիլի 18-ին:

2015-ի մարտի 17-ին Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

2015-ի մարտի 26-ին իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի Բուրխասոտի, Չիրիվելյա քաղաքները: 2014-ի ապրիլի 17-ին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության» սկսել թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է հասկանալը, ճանաչումն ու արդարությունը:

Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---