Ավելի քան 200 մասնակից ՀՀ տարբեր դպրոցներից՝ «Ծրագրավորման ժամ»-ին

Ավելի քան 200 մասնակից  ՀՀ տարբեր դպրոցներից՝ «Ծրագրավորման ժամ»-ին

PanARMENIAN.Net - «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի է ունեցել «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

«Ծրագրավորման ժամը» միջազգային ձևաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնելու տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Ծրագիրը համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրի մոտ 45.000 դպրոցից:

Միջոցառմանը կարող են մասնակցել նոր տեխնոլոգիաներով, խաղերով և ծրագրավորմամբ հետաքրքրվող բոլոր անձինք՝ անկախ տարիքից: Ծրագրավորման որևէ լեզվի իմացություն պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն:

Հայաստանում «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում էր երկրորդ անգամ։ 2014-ին միջոցառմանը մասնակցել էր ավելի քան 150 մասնակից ՀՀ տարբեր դպրոցներից, իսկ այս տարի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ ավելի մեծացավ՝ համախմբելով 200-ից ավելի մասնակցի:

«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: «Hour of Code»-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձևաչափերը: Նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում է ապագա սերնդի կրթության և զարգացման հարցում», - նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Այսօր տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչև մեքենաներ, բժշկությունից մինչև առօրյա։ Այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի ու գրականության հետ միասին: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարևորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք», - ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Բացի ծրագրի ավանդական մասից՝ միջոցառման ընթացքում կայացել է ռոբոտների ցուցադրություն:

Շնորհանդեսներով հանդես են եկել PicsArt և Shadowmatic ընկերությունները: Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը աջակցել է «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապով: Միջոցառման «համեղ» գործընկերն էր Menu.am-ը:

Միջոցառմանն աջակցեցին նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), PicsArt և shadowmatic ընկերությունները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---