28 դեկտեմբերի 2015 - 10:47 AMT
Բորդյուժա. Ղարաբաղյան հակամարտության վերաճումը լայնածավալ բախումների «կպայթեցնի» ամբողջ Կովկասը

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ իրավիճակը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոտում լուրջ մտահոգության առիթ է տալիս և անհրաժեշտ է կասեցնել հակամարտության սրացումը, հայտնում է Gazeta.ru-ն:

«Մեզ շատ է մտահոգում այն, ինչ կատարվում է այսօր Կովկասում, հատկապես ղարաբաղյան հակամարտության հետ կապված, շփման գծում` այն իրողությունն, որ այնտեղ արդեն ծանր սպառազինություն է գործի դրվում, տանկեր են կիրառվում, կան մարդկային կորուստներ: Կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի թույլ չտալու համար իրավիճակի ապակայունացում: Որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնածավալ զինված բախումների»,-ասել է նա:

Ըստ նրա, այդպիսի հեռանկարն արդեն իսկ սպառնում է Կովկասին: «Այսօր դա սարսափելի հեռանկար է, որովհետև կպայթի ամբողջ Կովկասը»,-ասել է նա:

Բորդյուժան նաև նշել է, որ առաջին հերթին «պետք է գործել քաղաքական միջոցներով», օգտագործելով մեր պետությունների ղեկավարների հեղինակությունը: Նա նաև կոչ է արել ՀԱՊԿ անդամներին ջանքեր գործադրել իրավիճակի հանդարտեցման և գնդակոծությունների դադարեցման համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ասել է. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»։

«Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - ասել է նա։