Սասունյանն Ադրբեջանի հակաամերիկյան ծիծաղելի ու վիրավորական օրինագծի մասին

Սասունյանն Ադրբեջանի հակաամերիկյան ծիծաղելի ու վիրավորական օրինագծի մասին

PanARMENIAN.Net - «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարան ներկայացված օրինագծին, որը հակադարձ քայլ է ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևին: Հոդվածում մասնավորապես ասվում է.

Հաշվի առնելով տոնական օրերի բարձր տրամադրությունը, ցանկանում էի իմ հոդվածում անդրադառնալ մի ուրախ թեմայի: Սակայն, երբ տեսա Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Ադրբեջանի խորհրդարան ներկայացված արտառոց օրինագծի տեքստը՝ հասկացա, որ ես չէի կարող դրանից ավելի զվարճալի և միաժամանակ զզվելի նյութ ընտրել:

Առաջարկված ադրբեջանական օրինագիծը հակադարձ քայլ է ԱՄՆ Կոնգրեսի թիվ 4264 բանաձևի դեմ («2015 թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ»), որը ներկայացվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական ՙՔրիս Սմիթի կողմից դեկտեմբերի 16-ին՝ կոչ անելով մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև անվտանգության և իրավապահ մարմիններին: Բանաձևը նաև պահանջում է կրճատել ամերիկյան տնտեսական և էներգետիկ նախագծերը Ադրբեջանի հետ:

Կոնգրեսական Սմիթը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ լրագրողներին, ընդդիմադիր առաջնորդներին և իրավապաշտպաններին ազատազրկելու, կեղծ ընտրություններ անցկացնելու և կրոնական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար:

Կոնգրեսական Սմիթի նախաձեռնությանը հակադարձելու նպատակով Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիսի) Իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը դեկտեմբերի 24-ին համարձակորեն շտապեց առաջարկել իր պատասխան օրինագիծը, որով.

1) Թույլ չի տրվում մուտք գործել Ադրբեջան՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք ներգրավված են Ադրբեջանը վարկաբեկելու գործում, Հայկական սփյուռքի հետ համագործակցող քաղաքական գործիչներին, լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որոնք «արատավոր արշավ են վարում Ադրբեջանի դեմ», ամերիկացիներին, որոնք «հսկայական միջոցներ են վաստակել ամերիկյան իշխանությունների հետ համագործակցելով», քաղաքական գործիչներին, որոնք ընտրվել են Հայկական սփյուռքի և լոբբիստական խմբերի աջակցությամբ, անձանց, որոնք կեղծել են ԱՄՆ-ի ընտրությունները, և վերջապես նրանց, որոնք «դեմ են եղել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի վավերացմանը»...

2) Դադարեցվում են բոլոր գործարար կապերը ադրբեջանական և ամերիկյան ընկերությունների միջև.

3) Արգելվում են ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրերի իրականացումը Ադրբեջանում և փակվում են նրանց բանկային հաշիվները, դադարեցվում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանում, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի կողմից, և վերջ է դրվում ամեն տեսակ «համագործակցությանը Միացյալ Նահանգների հետ՝ առևտրի, էներգետիկայի, ռազմական և անվտանգության ոլորտներում», ադրբեջանական զորքերը դուրս են բերվում համատեղ ռազմական գործողություններից Աֆղանստանում, արգելվում է ամերիկյան ռազմական և քաղաքացիական ապրանքների անցումը Ադրբեջանի տարածքով, և հեռացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի ԱՄՆ համանախագահը:

Անհավատալիորեն, առաջարկված ադրբեջանական օրինագիծը հանձնարարում է Միացյալ Նահանգներին էական բարեփոխումներ և փոփոխություններ իրականացնել հետևյալ ոլորտներում, նախքան Ադրբեջանի կողմից սահմանված պատժամիջոցները վերացնելը.

1) Մարդու իրավունքների խախտումներ, ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացության և իսլամաֆոբիայի դրսևորումներ և անմարդկային վերաբերմունք բանտարկյալների նկատմամբ.

2) Անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների դեմ.

3) Խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ և ԱՄՆ քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի խախտումներ.

4) Կոռուպցիա և լոբբիստական գործունեություն.

5) Համատարած ընտրակեղծիքներ.

6) Միջամտություն օտարերկրյա պետությունների ներքին գործերին.

7) Զրպարտություն և արատավորման արշավ Ադրբեջանի Հանրապետության դեմ.

8) Աներկբա դիրքորոշում «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային իրավունքի համապատասխան, պատժամիջոցներ ագրեսոր երկրի [Հայաստան] նկատմամբ, և ոչ մի կապ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի հետ»:

Ադրբեջանի առաջարկած օրինագծի ծավալուն տեքստում Միացյալ Նահանգների կառավարությունը մեղադրվում է բազում խախտումների համար, ինչպիսիք են.

1) ՄԱԿ-ի մարդու իրավունքների 16 պայմանագրերից 12-ի վավերացումից հրաժարում.

2) Աճող ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացություն և իսլամաֆոբիա. «Ժողովրդի գրեթե 50 տոկոսի սպանություն ոստիկանության կողմից, Նյու Յորքում ձերբակալված և սպանված անձանց 70 տոկոսը սևամորթ է, իսկ 20-29 տարեկան սևամորթ անձանց մեկ երրորդը գտնվում է բանտերում».

3) Ցեղասպանություն Միացյալ Նահանգների բնիկ ժողովրդի դեմ, որի հետևանքով սպանվեցին «ավելի քան երեք միլիոն ամերիկացի հնդկացիներ».

4) «Ավելի քան 12 միլիոն ստրուկների» ներմուծում Աֆրիկայից.

5) Խոսքի և մամուլի ազատության խախտումներ, հետախուզական գործակալությունների ապօրինի ներխուժումներ մարդկանց անձնական կյանք, համատարած գաղտնալսում և հալածանք, իսկ «ոստիկանության հարձակումները ու լրագրողների ձերբակալությունները սովորական երևույթ են դարձել Միացյալ Նահանգներում».

6) «Իրավական կոռուպցիա և լոբբինգ». միայն 2015 թ. առաջին ամիսների ընթացքում 2320 քրեական գործ է հարուցվել կաշառակերության մեղադրանքով տարբեր մակարդակի պաշտոնյաների նկատմամբ.

7) Համատարած կեղծիքներ ԱՄՆ ընտրություններում.

8) «Միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին՝ ահաբեկչության դեմ պայքարի և ժողովրդավարություն հաստատելու պատրվակով».

9) Աջակցություն «անջատողական ռեժիմներին», ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է:

Թեև ճիշտ է, Միացյալ Նահանգներում ժողովրդավարական համակարգը կատարյալ չէ, սակայն երբ աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական վարչակարգերից մեկի խորհրդարանն է քննադատում ամերիկյան կառավարությանը և նրա թերությունները, խիստ ծիծաղելի է և վիրավորական...

Քանի որ Ադրբեջանը ԱՄՆ-ի կարիքը ավելի շատ է զգում, քան ԱՄՆ-ը՝ Ադրբեջանի, ապա հուսով ենք, որ Ադրբեջանի խորհրդարանը արագորեն կընդունի առաջարկված օրինագիծը և կխզի բոլոր կապերը Միացյալ Նահանգների հետ: Բարի ազատում... Հիմա ամերիկացիներն ավելի մեծ ուրախությամբ կնշեն Ամանորը...,, ասվում է հոդվածում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---