Մայրական նպաստը կփոխանցվի յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը

Մայրական նպաստը կփոխանցվի յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը

PanARMENIAN.Net - Այսուհետև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները (ամսական 18 հազար դրամ) բաժանվելու են յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը: Այդ մասին տեղեկացնում է «Հայփոստ» ծառայությունը:

«Մշակված նոր կարգի համաձայն այսուհետև 18.000 դրամ գումարը բաժանվելու է յուրաքաչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը», - փոխանցել է ծառայության աշխատակիցներից մեկը, գրում է Panorama.am-ը:

Նախկինում 18.000 դրամի գումարը տրամադրվում էր յուրաքանչյուր ամսվա 18-20-ից սկսած: Այս օրերին, սակայն, գումարն ուշացնելը որոշ անհանգստություն և նաև հարցեր է առաջացրել ծնողների շրջանում` եթե եղել է փոփոխություն, ինչո՞ւ ծնողներն այդ մասին տեղյակ չեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին հայտնել է, որ 2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ:

2014-ի սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014-ի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր:

Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---