Հանրաքվեին այլ անձի փոխարեն քվեարկողը տուգանվել է 500.000 դրամով

Հանրաքվեին այլ անձի փոխարեն քվեարկողը տուգանվել է 500.000 դրամով

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկելու համար հարուցված քրեական գործով դատական նիստ:

Ամբաստանյալ Մհեր Ռշտունին 2015-ի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը պետք է քվեարկեր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 10/6 ընտրատեղամասում: Դրա փոխարեն նա գնացել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Երվանդ Քոչարի 12/1 հասցեում, Նար Դոսի անվան դպրոցում տեղակայված 10/14 ընտրատեղամաս և քվեարկել է այլ անձի՝ Ժենյա Ղասաբօղլյանի փոխարեն և ստորագրել ընտրացուցակի 562 համարի դիմաց:

Նախնական դատական նիստի ընթացքում ամբաստանյալը միջնորդել է արագացված կարգով դատաքննություն անցկացնել: Դատախազ Տիգրան Ենոքյանը չառարկեց և միջնորդությունը բավարարվեց, գրում է Aravot.am-ը:

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն իր ավարտական ելույթում ասել է, թե հաշվի է առնում այն, որ ամբաստանյալը և նախաքննության, և դատաքննության փուլերում ընդունում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, նախկինում դատված չի եղել և մինչև 14 տարեկան երեխա ունի: Նա միջնորդել է Մհեր Ռշտունուն մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով և որպես պատիժ սահմանել տուգանքը նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատիկի չափով:

Ամբաստանյալ Մհեր Ռշտունին իր վերջին խոսքի ընթացքում հայտարարել է, որ ընդունում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և խնդրել մեղմ պատիժ նշանակել:

Քիչ անց դատավորը հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով:

Հունվարի 16-ի դրությամբ հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերից 6-ով նախաքննությունն ավարտվել է: 6 քրեական գործերի 5-ը, 5 մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---