Սվիտալսկի. ՀՀ-ում ընտրությունների լեգիտիմության նկատմամբ վստահությունը պետք է վերականգնել

Սվիտալսկի.  ՀՀ-ում ընտրությունների լեգիտիմության նկատմամբ վստահությունը պետք է  վերականգնել

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին տարիներին ընտրությունները ուղեկցվել են շատ մեծ քննադատությամբ, շատ կարևոր է Հայաստանում վերականգնել վստահությունը ընտրությունների լեգիտիմության ու արդարության նկատմամբ: Այս մասին փետրվարի 5-ին ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի ներկայացման ժամանակ:

«Շատ ընդդիմադիր ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ բողոքել են ընտրության արդյունքներից, միջազգային դիտորդները մի քանի լուրջ առաջարկություններ են ներկայացրել, հետևաբար՝ պետք է ամեն ինչ անել ընտրությունների արդարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: Որոշ մարդիկ ասում են՝ եթե Հայաստանը չօգտագործի հաջորդ տարվա ընտրության հնարավորությունը վստահությունը վերականգնելու համար, դա Հայաստանի հետագա զարգացման համար լուրջ վտանգ կարող է լինել: Վերջին հանրաքվեն նույնպես արժանացել է որոշ քննադատության, ընտրախախտումների մի շարք դեպքեր են ներկայացվել»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նա նշել է, որ իրենց համար շատ կարևոր է, թե ընտրախախտումների մասին տեղեկություններն ինչ ուշադրության կարժանանան պատկան մարմինների կողմից. «Իմ տեղեկություններով, 62 գործ է հարուցվել, երկու մարդ մեղավոր է ճանաչվել: Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նույնպես այդ խախտումների վերաբերյալ արձագանքել էր, ես նորից իմ ափսոսանքն եմ հայտնում նրա հրաժարականի կապակցությամբ:Կարծում եմ, որ պատկան մարմինները լուրջ ուշադրության կարժանացնեն հարուցված այդ գործերը, որովհետև դա մեզ համար կարևոր ազդակ է լինելու, թե ինչպես պատրաստվենք հաջորդ ընտրություններին: Այս պահին քննարկումներ են վարվում իշխող կուսակցության հետ՝ նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ, հստակ ակնկալիքներ ունենք, որ ԵԱՀԿ-ն, ԵԽ-ը Վենետիկի հանձնաժողովի միջոցով կներգրավվեն այս գործընթացում ու նրանց առաջարկները հաշվի կառնվեն», մեջբերում է Aravot.am-ը:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, ընտրական օրենսգրքի թույլ կողմերի վերաբերյալ իրենց ու իշխանության ներկայացուցիչների կարծիքներում որոշ համընկումներ են եղել. «Ես երկու կետ եմ բարձրացրել ընտրացուցակների ու ընտրությունների արդյունքների վերջնական հաշվարկների վերաբերյալ: Տեխնոլոգիաների մասին է խոսվում. այս երկու կարևոր խնդիրը լուծելու համար տեխնոլոգիաներն, իհարկե, շատ կարևոր են, դրանք փորձարկվել են շատ երկրներում, ու ընդդիմադիր ուժերը նույնիսկ ընդունել են իրենց պարտությունը:

Միգուցե ՀՀ դեպքում այս մոտեցումները իրական արդյունքներ կբերեն: Բայց, իհարկե, մեքենաները բավարար չեն ընտրություններն արդար անցկացնելու համար, մարդկային գործոնը նույնպես կարևոր է»:

ԵՄ պատվիրակության ղեկավարը հավելել է, որ «Երկարաժամկետ ընտրական աջակցություն» ծրագրի նպատակն է բարելավվել մարդկային ռեսուրսների որակը, որ այն մարդիկ, որոնք աշխատում են ընտրական մարմիններում՝ լինեն արդար, կոմպետենտ, ազնիվ ու չունենան գաղտնի օրակարգ իրենց գործունեության մեջ:

Հունվարի 16-ի տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող 32 քրեական գործերից, հունվարի 15-ի դրությամբ, 6-ով նախաքննությունն ավարտվել է։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկելու համար հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը: Ամբաստանյալ Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---