Ադրբեջանը «սեփականացնում է» Նախիջևանի Երնջակաբերդը

Ադրբեջանը «սեփականացնում է» Նախիջևանի Երնջակաբերդը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, ըստ որի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում վերակառուցվում է Հին Ջուղայից ոչ հեռու գտնվող Ալինջա բերդը։ Մասնավորապես, հաղորդվում է, որ 2014 թ․ սկսված լայնածավալ աշխատանքները ավարտական փուլում են, և հավանաբար այս գարնանը տեղի կունենա վերակառուցված ամրոցի և հարակից թանգարանի բացման պաշտոնական արարողությունը։

Ադրբեջանական կայքերը համանուն լեռան վրա խոյացած ամրոցի հիմնադիրների և նախնական տերերի մասին «համեստորեն» լռում են՝ հիշատակելով միայն, որ ժամանակին բերդին տիրել են սելջուկներն ու Լենկ Թեմուրը։

Երնջակաբերդը մինչև «վերականգնումը»: Կադր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տեսանյութից:

«Վերականգնված» բերդն ու «վերականգնման», ավելի ճիշտ` կառուցման ընթացքը:

Իրականում Ալինջան բերդի անունը բուն հայերեն՝ Երնջակ անվան փոխված տարբերակն է։ Այն կառուցված է Արաքսի ձախակոմյան վտակ Երնջակ գետի աջ ափին՝ հարթավայրում վեր խոյացող ապառաժոտ համանուն ժայռի վերնամասում։ Պատմական տեղեկությունների և հնագիտական որոշ տվյալների համաձայն, այստեղ ամրոց է կառուցվել դեռևս մեր թվարկությունից առաջ 8-7-րդ դդ․, իսկ մ․թ․ 5-8-րդ դարում այն վերակառուցվել է Սյունյաց իշխանների կողմից։ Ավանդության համաձայն՝ Երնջակ կամ Երինջո բերդն իր անունը ստացել է Սյունյաց Երնջիկ տիկնոջ անունից։ Այն համանուն գավառի նշանավոր ու անառիկ ամրություններից էր, որտեղ պահվում էին Սյունիքի ավագ իշխանների գանձերը։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը բերդն անվանել է «անհնարին ամուրն Երնջակ»։

Երնջակ բերդին և համանուն գավառին 698 թ․ տիրել են արաբները։ Սմբատ Բագրատունի հայոց թագավորը (895-914) այն հետ է գրավել, սակայն, 913 թ․արաբ Յուսուֆ էմիրը ավելի քան մեկ տարի պաշարումից հետո դարձյալ գրավել է Երնջակը։ Սելջուկ-թյուրքերի տիրապետությունից հետո՝ 13-րդ դարի սկզբին, եղել է Զաքարյան Հայաստանի կազմում, ապա եղել է Օրբելյան իշխանների տոհմական կալվածքը։ Հետագա դարերում Երնջակ բերդին տիրել են Լենկ Թեմուրը, թուրքմենական ցեղերը և Սեֆյան Իրանը։

Երնջակաբերդը ադրբեջանական մշակութային քաղաքականության հայկական առաջին զոհը չէ` տարիների ընթացքում երկրում ոչնչացվել են բազմաթիվ հայկական հուշարձաններ ու հուշարձանային համալիրներ: Առավել հայտնի նման դեպքը Երնջակից ոչ հետու գտնվող Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հիմնահատակ ավիրումն է: Խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվեց Հին Ջուղայում դեռ 1998 թվականին, երբ ադրբեջանցի զինվորները բուլդոզերներով հարթեցրին հայկական գերեզմանոցի տարածքը: Այդ գործողությունները, որ կասեցվել էին միջազգային բողոքի ալիքի պատճառով, վերսկսվեցին 2003-ին: Շատ խաչքարեր հողին հավասարեցվեցին, մնացին հողի տակ, մյուսները ջարդեցին ու գցեցին Արաքս գետը: 2005-2006 թթ. հայկական գերեզմանոցն ոչնչացվեց ամբողջությամբ: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԱՄՆ Արևմտյան ափի Համահայկական կրթական ու մշակութային ասոցիացիայի հետ համատեղ փաստաթուղթ է ներկայացրել շուրջ 5000 հազար միջնադարյան խաչքարերի ոչնչացման մասին: Ըստ Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի, խաչքարերի ոչնչացումը կազմակեպել էին Ադրբեջանի իշխանությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---