Որպես ՄԻՊ թեկնածու ԱԺ-ին կներկայացվի արդարադատության փոխնախարարը

Որպես ՄԻՊ թեկնածու ԱԺ-ին  կներկայացվի արդարադատության փոխնախարարը

PanARMENIAN.Net - Որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ խորհրդարանի լիագումար նիստին կներկայացվի ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Այս որոշումն ընդունվել է փետրվարի 12-ի հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում:

Պաշտոնապես առաջադրվել է Օմբուդսմենի 3 թեկնածու: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված թեկնածուները 3-ն են` Արման Թաթոյանը` Հանրապետական խմբակցության կողմից, Զարուհի Փոստանջյանը` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից և իրավապաշտպան Նարեկ Ալոյանը` Տիգրան Ուրիխանյանի կողմից:

Թաթոյանի թեկնածության օգտին կողմ են քվեարկել հանձնաժողովի 12 անդամից 7-ը, դեմ՝ 4 -ը: Զարուհի Փոստանջյանի թեկնածության օգտին քվեարկել է 5 պատգամավոր` Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը և ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը ստացել է 2 կողմ ձայն` Տիգրան Ուրիխանյանի և Արծվիկ Մանասյանի կողմից, ով, ի դեպ, բոլոր թեկնածուներին կողմ քվեարկեց։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի 12 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ուներ միաժամանակ քվեարկելու բոլոր թեկնածուների օգտին:

Ի դեպ, քվեարկությանը չէր մասնակցում Գագիկ Ջհանգիրյանը, ում վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նա ոչ միայն հեռացավ, այլ հասցրեց գովերգել իշխանական թեկնածուին:

Ավելի վաղ, ԱԺ Պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուների դիմումների քննարկմանը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի կողմից ներկայացված Արման Թաթոյանը ներկայացրել է իր ծրագրային տեսլականը, թե ինչպես է պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանության գործողությունները և ապա անցավ պատգամավորների հարցերին պատասխանելու:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Թաթոյանը հանգամանալից է ներկայացրել պետական կառույցների, դատական իշխանության և խորհրդարանի հետ անհրաժեշտ գործակցության մասին, բայց որևէ բառ չի ասել ՀԿ-ների հետ գործակցությունից, որը նրա աշխատանքի հիմնական առանցքներից մեկն է: «Մտահոգիչ ազդակ է»,- նկատել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Թաթոյանը չի համաձայնել և նշել է, որ քաղաքացիական հասարակության հետ գործակցության մասին խոսել է և կարևորել: «Անընդհատ շեշտում էի ՀԿ-ների հետ գործակցության արդյունքում ենք արել այս կամ այն, անխոս մեծ է աշխատանքները, որպեսզի ՀԿ-ներին բերենք պաշտպանի դաշտ», ասել է նա:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրել է, թե իրեն առաջադրել է ՀՀԿ-ն և եթե այդ թիմի որևէ անդամ գործադիր կամ այլ մարմնում մարդու իրավունքները խախտի, պատասխանատվության ենթարկելո՞ւ է, թե՞ ոչ:

Թաթոյանը պատասխանել է, որ պետական մարմինները՝ կլինի գործադիր, թե օրենսդիր, բացարձակ կապ չունեն քաղաքական մեծամասնության հետ: «Ինձ համար նշանակություն չունի, համարում եմ ինձ այնպիսի սկզբունքներով, արժեքներով անձնավորություն, որ ես կարող եմ անկաշկանդ լինել և համոզված եմ ընտրվելու դեպքում կունենամ այդ հնարավորությունը: Իսկ կոնկրետ դեպքերի մասով ընտրվելու դեպքում պատրաստ եմ քննարկել հարցերը նաև ձեզ հետ»:

ՄԻՊ մյուս թեկնածու՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է որ «հենց այնպես» չի առաջադրվել:

«Առաջադրվել եմ նրա համար, որ ունեմ կարողություն, գիտելիք, կամք», -հայտարարել է Փոստանջյանը, գրում է Panorama.am-ը:

Նրա ներկայացմամբ, Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում կարևոր է իրավունքների կրթության, լուսավորության հարցը, որը պատշաճ մակարդակի վրա չէ:

«Եթե դու գիտես քո իրավունքների մասին, ապա դրանց իրացումը դյուրին կլինի: Ես կարող եմ իրականացնել իրավապաշտպան գործունեություն որպես Մարդու իրավունքների պաշտպան», -հայտարարել է Փոստանջյանը:

Թեկնածուն իր ելույթում արտահայտել է «չակերտավոր Սահմանադրություն» բառակապակցությունը, ինչը ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին ստիպել է հետաքրքրվել. «Սահմանադրությունը չակերտավոր անվանելով, ինչ նպատակ եք հետապնդում: Դիցուք, դուք ընտրվում եք Օմբուդսմեն, և դրանից հետո՞ էլ շարունակելու եք Սահմանադրությունը համարել չակերտավոր փաստաթուղթ»:

Փոստանջյանը հստակ պատասխան չի տվել, նկատել է միայն, որ Սահմանադրությունն արդեն իսկ խախտվել է, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն չի կատարվել, որի հիման վրա հնարավոր կլիներ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել:

Այդուհանդերձ, այս հարցի պատասխանը չի բավարարել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, և նա նույն հարցն է տվել թեկնածուին:

Այս անգամ Փոստանջյանը պատասխանել է. «Սահմանադրությունը, որ դառնա մեզ համար արժեք, պետք է իր կիրառության մեջ դառնա այդպիսին, ոչ թե իմ գնահատականներով: Իմ հայտարարություններով չէ, որ այդ փաստաթուղթը պետք է կայանա»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` ներկայացնելով իր առաջադրած Փոստանջյանին, նկատել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, և իր առաջադրումը քաղաքական մոտիվացիաներով պայմանավորված չէ:

«Ես առաջադրել եմ մարդու, որը ունակ է պաշտպանել մարդկանց իրավունքները: Եթե լուրջ չեք վերաբերվում էդ հարցին, ինչո՞ւ եք այսքան խառնվել», -հայտարարել է Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով, եթե ընդունենք, որ ճիշտ են հայտարարությունները, թե Հայաստանում օմբուդսմենները ճնշումների են ենթարկվում, ապա Փոստանջյանի պարագայում այդ ժնշումները չեն ազդի:

«Զարուհի Փոստանջյանը ունի բավարար խիզախություն չենթարկվելու ճնշումներին, եթե Հայաստանում կա նման պրակտիկա, ապա Փոստանջյանը չի ենթարկվի որևէ ճնշման: Վստահ եմ», -հավելել է Մարուքյանը:

Նրա ներկայացմամբ, Փոստանջյանը հայտնի է իր իրավապաշտպան գործունեությամբ:

Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---