Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել

Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին  մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար:Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015-ի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Գրիգորյանը այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ մտացածին տվյալներ է լրացրել նշված տեղամասի ընտրողների մատյանում հաշվառված Ա. և Կ.Մանուկյանների անվան դիմաց, ստորագրել և կնքել իրեն հատկացված կնիքի դրոշմով։ Ա.Գրիգորյանը չի հասցրել այլ անձանց փոխարեն քվեարկությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. նշված դեպքը հայտնաբերվել և կանխվել է տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամի կողմից:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Ինչպես նաև, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Կ. Ղազարյանին:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Կ.Ղազարյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ այցելել է թիվ 2/06 ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամին, ներկայացրել նշված ընտրատեղամասի ընտրող Ռ. Բերեզովսկու տվյալներով կեղծ անձնագիր, ընտրատեղամասի ընտրողների մատյանում ստորագրել վերջինիս անվան դիմաց, ստացել քվեաթերթիկը և գցել քվեատուփը՝ այդպիսով քվեարկելով այլ անձի փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Փետրվարի 5-ի դրությամբ Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 67 քրեկան գործ, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ, 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կարդացեք նաև՝ ԵՄ-ի կոչը՝ լուրջ վերաբերվել հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---