Նախագահ. ՀՀ-ում գործող ֆրանսիական ընկերությունները մեծ ավանդ ունեն, բայց առևտրաշրջանառությունը չի գոհացնում

Նախագահ. ՀՀ-ում գործող ֆրանսիական ընկերությունները մեծ ավանդ ունեն, բայց առևտրաշրջանառությունը չի գոհացնում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական գործակցության օրակարգային հարցերի շուրջ:

Զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նկատի առնելով, որ Հայաստանի և բարեկամ Ֆրանսիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և վերջին տարիներին այնպիսի վերընթաց են ունեցել, որ երկու պետությունն էլ դրանք բնորոշում են որպես առանձնաշնորհյալ հարաբերություններ, խորհրդակցությանը շեշտը դրվել է տնտեսական կապերի ներկայիս վիճակի, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների, նոր ուղղությունների և հեռանկարների վրա:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Էական է, որ վերջին տարիներին բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդվեց և ակտիվացան հայ-ֆրանսիական հարաբերությունները գիտակրթական, մշակութային, առևտրատնտեսական ոլորտներում, ընդլայնվեց իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 40-ից ավելի համաձայնագիր: Հայաստանում գործող 140-ից ավելի ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները շատ մեծ ավանդ են ներդնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Այդ ընկերություններից շատ-շատերը հայտնի են ամբողջ աշխարհով և իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում Հայաստանում»,-նշել է նախագահը: Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի զարգացման գործակալությունն սկսել է ակտիվորեն աշխատել Հայաստանում:

« Ընդամենը մեկ օրինակ հիշատակենք՝ Վեդիի ջրամբարի կառուցումը: Բոլորին հայտնի է, որ դեռևս 60-70-ական թվականներից Արարատյան դաշտավայրի բնակչության մի զգալի հատվածը երազում էր այդ ջրամբարի կառուցման մասին: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման և առաջին հերթին՝ գյուղատնտեսության զարգացման գործում», - նկատել է Սարգսյանը: Նա կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում իր գործունեությունն է սկսել «Բիզնես ֆրանս» գործակալությունը:

«Պետք է նշել, որ այս գործակալությունների և ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարևորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան: Սա այն դրականն է, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա կամ էլ կարող են բավարարել մեզ: Երկրորդ՝ առևտրաշրջանառության ծավալները մեր երկրների միջև դեռևս գոհացուցիչ չեն», - նշել է նախագահը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի հետ մենք ունենք շատ մեծ ներուժ այդ հարաբերությունները զարգացնելու, և կցանկանար տեսնել, թե ի՞նչ աշխատանք ենք կատարում, որպեսզի հասնենք մեզ բավարարող այն նվազագույնին, ինչից հետո կարող ենք խոսել շատ լուրջ զարգացումների մասին:

«Կարծում եմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությանը նոր շունչ պետք է հաղորդենք, այն պետք է ակտիվորեն աշխատի ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև աշխարհով մեկ: Մեր պետական կառույցները, հիմնադրամները, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել այլ երկրներում, եթե մեր դեսպանատների ուշադրության կենտրոնում չլինեն այս հարցերը, և նրանք սերտորեն չհամագործակցեն: Մենք վաղուց ենք խոսում, որ դեսպանատներում անպայման պետք է լինի աշխատանքային պլան, պետք է լինի տնտեսական ծրագիր: Այսօր արդեն կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, ով պետք է համակարգի մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները և ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով», - ասել է Սարգսյանը:

Նա հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարին ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալող ֆրանսիական կապիտալով ընկերությունների խնդիրները, առաջիկա ծրագրերը և հնարավորության սահմաններում օժանդակել նրանց, շեշտելով յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում և ֆրանսիական ներդրողների հետ, հարկավոր է տանել հասցեական աշխատանք և հարկ եղած դեպքում տրամադրել անհրաժեշտ օգնություն: Դեսպան Վիգեն Չիտեչյանը ներկայացրել է հայ-ֆրանսիական տնտեսական օրակարգի հարցերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կողմից այդ ոլորտում ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերը, առկա խնդիրները և առաջիկա ծրագրերը:

«Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը որոշ չափով զիջում են քաղաքական հարաբերություններին: Այսօրվա քննարկումները, որոնց նախաձեռնության համար շնորհակալություն եմ հայտնում, վստահաբար կօգնեն մեզ վերլուծել պատճառները և գտնել տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին բարձրացնելու հնարավորությունները: Մինչև 90-ական թվականների վերջը հայ-ֆրանսիական հարաբերություններում տնտեսական ուղղությունը շատ մեծ տեղ չէր զբաղեցնում: Տնտեսական կապերն աշխուժացան, գագաթնակետին հասնելով 2007-2008թթ.,: Հայաստանում սկսեցին գործել ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում, արդեն 2011-2012թթ. Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով»,-ասել է Չիտեչյանը:

Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

Կարդացեք նաև՝ Նախագահ. Լուրջ ներդրողի համար պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ, նույնիսկ՝ ԱԺ-ում օրենք ընդունելով

Խորհրդակցություն՝ նախագահի մոտ. Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կխորացվեն

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---