Նախագահ. Գերմանիան ՀՀ-ի համար 1 առևտրային գործընկերն է ԵՄ-ում

Նախագահ. Գերմանիան ՀՀ-ի համար  1  առևտրային գործընկերն է ԵՄ-ում

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին մարտի 9-ին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, գործարար համաժողով, Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև այդ իրադարձություններին ընդառաջ կատարվող աշխատանքների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Արտակ Դավթյանը, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Գերմանիան մեր երկրի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում. վերջին 5-6 տարիների ընթացքում առևտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 մլն դոլարի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հայաստանում գործում է մի քանի տասնյակ գերմանական կապիտալով ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց ներդրումն են բերում մեր երկրի զարգացման գործում։ Կարծում եմ՝ զուտ արդյունաբերության ոլորտում կարևորագույն, հաջողված ծրագրերից մեկը՝ «Քրոնիմետի» հետ մեր համագործակցությունն է, որը հանդիսանում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը»,-խորհրդակցության սկզբում ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ այս տարիների ընթացքում «Քրոնիմետը» Հայաստանի համար եղել է վստահելի գործընկեր, որի հետ կարողացել ենք աշխատել ինչպես արտադրության ծավալների, աշխատատեղերի ավելացման հարցերում, այնպես էլ որպես Հայաստանում ամենամեծ գործատուներից մեկի հետ, որը պետական բյուջեի նկատմամբ իր պարտականությունները մշտապես պարտաճանաչորեն կատարող, վստահելի, պատասխանատու և ամենախոշոր հարկատուներից մեկն է։

«Մենք արդեն եվրոպական գործընկերներին ներկայանում ենք նաև որպես ԵԱՏՄ անդամ, որը նոր հնարավորություն է՝ հրավիրելու նրանց ներդրումներ կատարելու Հայաստանում՝ ունենալով նաև ԵԱՏՄ տարածքը որպես շուկա։ Այս առումով, Հայաստանում գործում են մի քանի ձեռնարկություններ։ Նախ կցանկանայի տեսնել, թե ի՞նչ հնարավորություններ ունենք ընկերությունների թիվն ավելացնելու, որովհետև գերմանացիները տիրապետում են բարձրակարգ տեխնոլոգիաների՝ արտադրության գրեթե բոլոր բնագավառներում։ Եվ, իհարկե, Հայաստանում էլ կան գործարարներ, ովքեր նրանց հետ կարող են լինել գործընկեր, այնուհետև նաև՝ պատասխանատու լինել այդ արտադրանքի իրացման համար», - նկատել է երկրի նախագահը։

Նրա խոսքով՝ մեզ համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ: Կան այդպիսի վառ օրինակներ։ Մեզ համար շատ ցանկալի է, որ մեր եղած ձեռնարկություններն ամբողջովին վերազինվեն նման սարքավորումներով։

«Մի կարևոր ուղղություն կա, որով մենք, ցավոք, շատ մեծ հաջողություններ չունենք, բայց մեզ համար խիստ անհրաժեշտ է։ Խոսքս գերմանական արտադրանքի արտահանումը խրախուսող «Հերմես» ընկերության մասին է, որը նորմալ բիզնես ծրագրերի պարագաներում շատ մեծ օժանդակություն է ցուցաբերում: Փաստորեն ստացվում է, որ այդ սարքավորումները տրամադրվում են լիզինգով, այսինքն՝ մեր գործարարների համար շահավետ պայմաններով: Այստեղ մենք ունենք նախնական այդպիսի մի պայմանավորվածություն, որի ուղղությամբ մենք պետք է շատ ջանքեր ներդնենք», - ասել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ մեզ համար շատ կարևոր գործընկեր է Զարգացման գերմանական բանկը (KfW), որի հետ արդեն գրեթե 20 տարի է գործակցում ենք, և որը Հայաստանի տնտեսական զարգացման գործում ուղղակի անփոխարինելի դերակատարություն է ունեցել: Վարկավորվել են հարյուրավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Մեր փոքր հիդրոկայանների գրեթե ամբողջ ծրագիրն իրականացվել է KfW բանկի միջոցներով: Վերջին այդպիսի համագործակցությունը եղավ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ 400 կվ լարման գծի կառուցման պայմանագիրը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում, որը մեր էներգետիկ համակարգը կդարձնի շատ ավելի կայուն, անվտանգ և շահավետ: Շատ կարևոր ծրագիր է, և այն, իհարկե, պետք է ունենա երկրորդ փուլը՝ իր ավարտը, որպեսզի մենք այստեղ կարողանանք ունենալ նաև ժամանակակից համակարգ:

«Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մոտ ժամանակներս ես այցելելու եմ Գերմանիա, ևիհարկե, տեղյակ եմ, որ այս տարի պետք է կայանան գործարար համաժողով, միջկառավարական հանձնաժողովի նիստ: Կցանկանայի այս հարցերի մասին հանգամանորեն խոսենք, և, իհարկե, քաղաքական կողմը մի փոքր տարանջատենք տնտեսականից: Քաղաքականում էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք, բայց այս պահին առաջին հերթին ինձ հետաքրքրում է մեր տնտեսական գործակցությունը», - շեշտել է նախագահը:

Դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը, զարգացման դինամիկան, ընթացիկ և առաջիկա ծրագրերը, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլն, փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքները:

«Գերմանիան արտահանումների առումով աշխարհում առաջատարներից է, նույնիսկ կարելի է ասել՝ առաջինն է և աշխարհում հինգերորդ խոշոր տնտեսությունն ունի: Այսօր ԳԴՀ-ի ՀՆԱ-ի կառուցվածքում առյուծի բաժինն ընկում է ծառայությունների ոլորտին: Արդյունաբերությունն ընդամենը 25 տոկոս է կազմում ՀՆԱ-ի կառուցվածքում: Գերմանիայի տնտեսության մեջ վերջին շրջանում նկատելի են հատկապես ծառայությունների ոլորտում որոշ աշխարհագրական տեղաշարժեր, և կարծում եմ՝ սա աութսորսինգի սկզբունքով տնտեսության մեջ ընկերությունների ձևավորում է, նրանց աշխատանքների իրականացում Գերմանիայից դուրս՝ այլ երկրներում»,-ասել է Սմբատյանը:

Նա նշել է, որ այս իմաստով մենք անելիքներ ունենք, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ գերմանական կողմը նույնպես հետաքրքրություն ունի:

«Մենք այս ընթացքում արդեն կարողացել ենք բանակցություններ վարել գերմանական «Սիմենս», «Սափ» և «Լյուֆթանզա» ընկերությունների հետ, որպեսզի աշխարհագրական տեղաշարժերի շրջանակներում նաև Հայաստանը հնարավոր և հետաքրքրող շուկա հանդիսանա», - ասել է դեսպանը:

Խորհրդակցության ավարտին նախագահ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

Կարդացեք նաև՝ Նախագահ. ՀՀ-ում գործող ֆրանսիական ընկերությունները մեծ ավանդ ունեն, բայց առևտրաշրջանառությունը չի գոհացնում

Նախագահ. Լուրջ ներդրողի համար պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ, նույնիսկ՝ ԱԺ-ում օրենք ընդունելով

Խորհրդակցություն՝ նախագահի մոտ. Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կխորացվեն

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---