ՀՀ-ՆԱՏՕ գործակցություն, ԼՂ հիմնախնդիր, խաղաղապահ գործողություններ՝ Հյուսիսատլանտյան խորհրդի քննարկմանը

ՀՀ-ՆԱՏՕ գործակցություն, ԼՂ հիմնախնդիր, խաղաղապահ գործողություններ՝  Հյուսիսատլանտյան խորհրդի քննարկմանը

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրի դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ կայացած նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ գործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության իրագործմանը, սիրիական ճգնաժամին և դրա հետևանքով ի հայտ եկած հարցերին, միջազգային հարաբերությունների հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:

Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին` Նալբանդյանը դրական գնահատել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։

Նախարարը նշել է, որ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը հաջողությամբ իրականացվում է և շեշտել, որ շուտով կմեկնարկի 2017-2018թթ. ԱԳԳԾ մշակման միջգերատեսչական գործընթացը։

Նալբանդյանը Հյուսիսատլատնյան խորհրդի անդամներին ներկայացրել է Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները և դրանից բխող բարեփոխումների գործընթացը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ռազմական կրթության բնագավառում կարողությունների ընդլայնմանը և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործակցությունը: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ մոտ մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչներ դրական գնահատեցին Հայաստանի և դաշինքի միջև արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:

Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ, կարևորեցին Հայաստանում իրականացվող հետևողական բարեփոխումները:

Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, պաշտպանական և անվտանգության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Կարդացեք նաև՝ Նալբանդյանը Ղարաբաղի, թուրքերի «խոստումների», իրանական հեռանկարների և ՌԴ հետ գործակցության մասին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---