25  11.03.16 - ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել է հանրային քննարկում նոր ընտրական օրենսգքի նախագծի շուրջ

Նոր ԸՕ-ն. Գունավոր քվեաթերթիկներ, ԱԺ ընտրությունների 2-րդ փուլ և մինչև 3 ուժից կազմված կոալիցիա

Նոր ԸՕ-ն. Գունավոր քվեաթերթիկներ, ԱԺ ընտրությունների 2-րդ փուլ և մինչև 3 ուժից կազմված կոալիցիա

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ ԱԺ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով: Այդ մասին մարտի 10-ին Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել: Իսկ Կառավարության որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը:

«Ընտրական օրենսգրքով առաջարկվող տարբերակը նախատեսում է մանդատների բաշխման 50/50 սկզբունքը՝ համապետական և տարածքային ցուցակներից: Մենք կարող ենք խոսել ԱԺ ընտրվելու մասին այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է 53 մանդատ: Սա քանի որ քիչ հավանական տարբերակ է, մենք նախատեսում ենք, որ հնարավոր է ձևավորվեն կոալիցիաներ», -քննարկմանը ներկա կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ԸՕ նախագիծը ներկայացրել է Հովհաննիսյանը:

Նախարարը հիշեցրել է, որ Սահմանադրությունը սահմանում է խորհրդարանական կայուն մեծամասնություն սկզբունքը:

«Սա նշանակում է, որ այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է մանդատների 51%-ը կամ 53 մանդատ, ապա նրանց մանդատները ավելացվում են մինչև 54%, ինչը մեր կարծիքով, հնարավորություն կտա ապահովել կայուն խորհրդարանական մեծամասնությունը: Շատ կարևոր է մեկ հանգամանք, որ այդ մանդատները լրացուցիչ են բաշխվում և որևէ կուսակցությունից ձայներ չեն նվազեցվում»,-ասել է նախարարը, գրում է Panorama.am-ը:

Այդուհանդերձ, եթե որևէ կուսակցություն 53 մանդատ չի ստանում, ԸՕ նախագիծը կոալիցիաներ ձևավորելու հնարավորություն է տալիս: Իսկ որպեսզի կոալիցիաները, ինչպես նախարարն պարզաբանել է, խայտաբղետ չլինեն, կարող են ձևավորվել «առավելագույնը 3 կուսակցության միջև, ովքեր հաղթահարել են ընտրությունների արգելապատնեշը»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, ապա այն կարող է լինել այն դեպքում, երբ կուսակցությունը չի հավաքում անհրաժեշտ ձայները և չեն ձևավորվում կոալիցիաներ: Երկրորդ փուլում, Հովհաննիսյանի խոսքով՝ նոր ԸՕ-ով կարող են ստեղծվել նոր դաշինքներ:

Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Ընտրական օրենսգրքի նոր նախագծով նախատեսվում է, որ ընտրություններին մասնակից յուրաքանչյուր կուսակցություն կունենա իր համար նախատեսված առանձին գույնով քվեաթերթիկ:

«Սա հնարավորություն է տալու ձայների հաշվարկի ժամանակ տեսնել, թե որ կուսակցությունն ինչքան քվե է հավաքել: Քվեաթերթիկների տրցակների հետ կապված որևէ խնդիր չի առաջանա», -նկատել է Հովհաննիսյանը:

Բացի այդ, ըստ պաշտոնյայի, նաև այնպես է արվելու, որ ընտրողն իր հետ քվեաթերթիկ չկարողանա դուրս բերել քվեախցից և հրապարակել, թե ինչպիսի ընտրություն է կատարել:

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ ժողովուրդն արդեն հոգնած է ընտրությունների կեղծումից:

«Ժողովուրդը ցանկանում է վերջապես ունենալ ազատ և արդար ընտրություններ։ Դուք այն իշխանությունն եք, որը տարիներ շարունակ կեղծել է ընտրությունները, ոտնահարել է ժողովրդի կամքը։ Դուք այն իշխանությունը չեք, որ իրավունք ունեք գալ այստեղ քաղաքավարի ձևով ինչ-որ նախագիծ առաջարկել»,- նշել է նա, գրում է Tert.am-ը:

«Ոչ թե ժողովրդի թիկունքում գրեիք, բերեիք և առաջարկեիք, այլ պետք է ստեղծեիք իշխանության, ընդդիմության քաղաքացիական հասարակության հավասար մասնակցությամբ մի հանձնաժողով, որը կմշակեր այնպիսի ընտրական օրենսգրքի սկզբունքներ, որոնք կվերականգներ ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,- ասել է Զուրաբյանն և նկատել, որ իշխանությունը զբաղված է դեմագոգիայով։

«Սա քննարկման իմիտիացիա է, դուք բերել եք մի հատ օրենսգիրք, որը ավելի վատն է, քան գործողը, ու ես գիտեմ, թե ինչու եք դա արել: Այդ խորամանկությունն էլ ենք հասկանում ու հատուկ այնպիսի վատ օրենսգիրք եք բերել, որ մենք զիջված դիրքերի համար պայքարենք, մոռանանք մեր առանցքային պնդումների մասին։ Սա խորամանկություն է, խարդախություն է, սա մոտեցում չի»,- շեշտել է նա:

Զուրաբյանն առաջարկել է, որ եթե իշխանության նպատակն այն է, որ վերականգնվի վստահությունը ընտրական պրոցեսի նկատմամբ, պետք է ստեղծել հետևյալ ֆորմատով հանձնաժողով. չորս հոգի իշխանությունից՝ իշխող կոալիցիայի երկուական ներկայացուցիչ, չորս հոգի ընդդիմությունից՝ ամեն մեկը մի խմբակցություն ներկայացնող, չորս հոգի քաղաքացիական հասարակությունից:

«Այդպես ստեղծենք այն մարմինը և քննարկենք այն հիմնական սկզբունքները, որոնք կհանեն բոլորի մտահոգությունները ընտրական գործընթացի անօրինականության վերաբերյալ»,-ասել է նա:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը արձագանքելով Զուրաբյանին ասել է. «Կոչ կանեմ բարոյախրատական ոճը մի կողմ դնել, քանի որ վատ չեմ այդ առումով և հավատացեք կարող եմ արձագանքել պատշաճ»։

Ինչ վերաբերում է կրկնաքվերակություններին, բացակա անձանց փոխարեն քվեարկությունների վերաբերյալ մտահոգություններին, ապա նա ասել է, որ աշխատանքային խումբը առաջարկել է մի մոդել, որը լուծում է այդ մտահոգությունը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցեր է ուղղելՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։

Նրան մտահոգում էր այն, որ ընտրատեղամասերում փորձ է արվում լրագրողների և դիտորդների թիվը սահմանափակել. «Դունիա Միատովիչն է լինելո՞ւ,ո՞վ է լինելու, որ որոշի, թե ո՞վ պետք է լինի ընտրատեղամասում, կամ հացի հե՞րթ է, ի՞նչ է, որ ով առաջինը գրանցվեց, կունենա լուսաբանելու հնարավորություն: Սահմանափակվել է լրատվամիջոցների ներկայությունը, բայց չէ՞ որ հանձնաժողովի նախագահը չի կարող որոշել առաջնահերթությունը»,- ասել է նա:

Հարությունյանը պատասխանել է, որ ընտրված 8 թիվը թեև լավագույն լուծումը չէ, բայց բացատրեց՝ ինչու են առաջարկել կոպիտ մեխանիզմ: «Մեր խնդիրը հետևյալն է, որ հիմա ընտրություններին լինելու է միջինը 230 թեկնածու, և ցանկացած ոք կարող է լրատվամիջոց բացել և լրագրող ուղարկել ընտրատեղամաս, և կլինեն կուտակումներ: Եթե խնդրի լուծման հետ կապված այլ առաջարկներ ունեք, ապա մենք պատրաստ ենք աջակցել»,- նկատել է նա։

Կարդացեք նաև՝ ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. ԱԺ-ն ու ՏԻՄ-ը պետք է ընտրվեն ուղղակիորեն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---