17  11.03.16 - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը

Շարմազանով. ՀԱՊԿ որոշ անդամներ ոչ միայն չեն պաշտպանում դաշնակիցներին, այլև՝ հակասում ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը

Շարմազանով. ՀԱՊԿ որոշ անդամներ ոչ միայն չեն պաշտպանում   դաշնակիցներին, այլև՝ հակասում ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Երևանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Սերբիայից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ՀԱՊԿ ձևաչափում անդամ երկրների արտաքին քաղաքականության համակարգմանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Նա կարևորել է տարածաշրջանային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումը և այդ հարցերի շուրջ գործակցությունը միջազգային հարթակներում:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ երկկողմ հանդիպումները միջազգային հարթակներում թույլ են տալիս համակարգել համատեղ գործողությունները, կարգավորել տեղեկատվության փոխանակումը և կարող են նկատելիորեն բարձրացնել անդամ երկրների գործունեության արդյունավետությունը:

Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև գործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի՝ շեշտը դնելով կառույցը նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վրա և համատեղ ուժերով պաշտպանելով մասնակիցների ընդհանուր և ազգային շահերը:

ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կարևորում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները և դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսևորեն հավասարակշռված դիրքորոշում և հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլև ՀԱՊԿ ընդհանուր շահերից:

«2015-ին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը և ՀՀ նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025-ը և դրա ընդունումը 2016-ին, ինչպես նաև արտաքին սպառնալիքներին միասնաբար դիմակայելու և տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլև հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Սա անթույլատրելի է, և մենք պետք է անենք հնարավորը՝ նման բացասական երևույթներն ապագայում բացառելու համար», - ասել է նա:

Շարմազանովը նշել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ նիստից հետո առ այսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է մտահոգիչ:

«Մենք մշտապես հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլև դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»:

ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն անդրադարձել է 2016-ի փետրվարի 25-26-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության մասնակցությանը:

Ամփոփելով ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության գործունեությունը և ձեռքբերումները ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ Արտաշես Գեղամյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների գործակցությունը և ուժերի միավորումը: Նա ընդգծել է, որ հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ամառային նստաշրջանի ընթացքում պետք է ցուցաբերել միասնական մոտեցում՝ անդամ երկրների առջև ծառացած աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու նպատակով:

ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունը հանգամանալից անդրադարձել է 2015-ի ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահությանը: Նա ներկայացրել է Սերբիայի նախագահության ընթացքում ծագած խնդիրները և ձեռքբերումները: Նշել է, որ Սերբիայի նախագահության ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ահաբեկչության, մարդկանց և թմրանյութերի վաճառքի դեմ պայքարին վերաբերող հարցերը: Սերբիան իր ուշադրությունն է սևեռել ժամանակի մարտահրավերներին՝ կարևորելով միջազգային անվտանգության խնդիրները:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն անդրադարձել են 2016-ի հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելիք թեմաներին, ՀԱՊԿ պատվիրակության համակարգված գործունեությանը և համատեղ մոտեցումներ մշակելու մեխանիզմներին:

Հանդիպումից հետո Շարմազանովը առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությունը, խոսել բազմակողմ գործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին և վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը:

Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության՝ ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաև՝ նոր մարտահրավերների և սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման:

Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել Շարմազանովի ներդրումը ՀԱՊԿ ԽՎ աշխատ անքներում: Նա վստահություն է հայտնել, որ գործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով: Շարմազանովը և Նարիշկինը առանձնազրույցից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով:

Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են: Պայմանագրի առաջին կետում ասվում է. «Կազմակերպության անդամ պետությունները չեն կարող անդամակցել այլ ռազմական դաշինքի կամ պետությունների խմբավորման, ինչպես նաև որևէ մասնակից անդամի դեմ գործողությունների»:

Սակայն, չնայած այս կետին, դաշինքի անդամ պետությունները զենքի խոշոր մատակարարներ են Ադրբեջանի համար, որը ղարաբաղյան հակամարտության կողմ է, շրջափակել է Հայաստանը և ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի ադրբեջանական հող է հռչակում ՀՀ տարածքը` անուղղակիորեն խախտելով ՀԱՊԿ դրույթը կազմակերպության մեկ այլ անդամի դեմ ուղղված գործողություններին չմասնակցելու մասին:

Կարդացեք նաև՝ Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

Սերժ Սարգսյանը քննադատել է ՀԱՊԿ-ը դաշինքի մոսկովյան գագաթնաժողովի ընթացքում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---