ԿԳ փոխնախարար. Ավագ դպրոցներին զարգացման ծրագիր է պետք, նյութատեխնիկականը երկրորդական է

ԿԳ փոխնախարար. Ավագ դպրոցներին զարգացման ծրագիր է պետք, նյութատեխնիկականը երկրորդական է

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ներկայացման հանձնարարականի կատարման շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը խորհրդակցության է հրավիրել ավագ դպրոցների մի խումբ տնօրենների:

Նախարարի տեղակալը նշել է, որ ԿԳ նախարարի կողմից հստակ խնդիր է դրվել, որ ավագ դպրոցները պետք է ունենան զարգացման հեռանկար, ընդ որում յուրաքանչյուր դպրոցի համար այդ ծրագիրը պետք է լինի առանձնահատուկ.

«Մենք խնդիր ունենք տվյալ փուլում վերլուծելու ավագ դպրոցների առկա ներուժը, որպեսզի կարողանանք հստակեցնել, թե որ ավագ դպրոցն ինչպիսի ուղղությամբ պետք է զարգանա»,- դիմելով տնօրեններին ասել է Մկրտչյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ավագ դպրոցի զարգացման ծրագիր, արտահայտելով տվյալ դպրոցի առանձնահատկություններն ու ուղղվածությունը, իր մեջ պետք է ներառի նաև համակարգի ապագայի տեսլականը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հանձնարականի կատարումը բնավ չի ենթադրում, որ նախարարությունը մտադրություն ունի քննադատել այս կամ այն տնօրենին, դրանից բխող վարչական հետևանքներով. «Մենք գիտենք, որ բոլոր դպրոցներն ունեն իրենց զարգացման ծրագրերը, քանի որ դա յուրաքանչյուր տնօրենի ընտրության համար եղել է օրենքի պահանջ, բայց խոսքը նոր մոտեցմամբ զարգացման ծրագրի մասին է: Ուստի մեր խնդրանքն ու պահանջն է՝ դրսևորել նոր մոտեցում: Մենք նաև խնդիր ենք դնում՝ շեշտադրել ոչ թե շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավումը, այլ առաջին հերթին դպրոցի բովանդակային զարգացման խնդիրները»,- նշել է Մկրտչյանը:

Միաժամանակ նա շեշտել է, որ դպրոցների շենքային և տեխնիկական պայմանների բարելավումը չեն ուզում անտեսել, սա շատ կարևոր հարց է, բայց նաև պետք է հասկանալ, որ պետությունն այս պահին բոլոր խնդիրները միանգամից լուծելու հնարավորություն չունի.

«Մենք ունենք այն, ինչ-որ ունենք և ավագ դպրոցի զարգացման ու կայացման խնդիրը պետք է լուծենք այս պայմաններում: Եկեք նյութատեխնիկական բաղադրիչն այս անգամ դիտարկենք երկրորդական և առաջնահերթությունը տանք բացառապես բովանդակությանը»:

Տնօրեններից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք ներկայացվող ծրագիրը պետք է բխի միայն արդեն հաստատված իրավական դաշտի ու կրթական ծրագրերի պահանջներից, նախարարի տեղակալը նշել է.

«Մենք խնդիր ու նպատակ ունենք վերանայելու թե´ կրթական չափորոշիչներն ու ծրագրերը, թե´ ֆինանսավորման մեխանիզմները, հետևաբար ավագ դպրոցի հեռանկարի ծրագրում պետք չէ սահմանափակվել ներկա իրավական դաշտի պահանջներով: Մենք ուզում ենք, որ ոչ թե ավագ դպրոցի զարգացման ծրագիրը բխի իրավական դաշտի պահանջներից, այլ իրավական դաշտի փոփոխությունները բխեն զարգացման ծրագրերից»,- պարզաբանել է Մկրտչյանը:

Ավագ դպրոցների հիմնախնդիրներին ու զարգացման հարցերին վերաբերող քննարկումները շարունակվում են, որոնց մասնակցելու են հանրապետության ավագ դպրոցների բոլոր տնօրենները: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հանձնարականի՝ ավագ դպրոցների տնօրենները հեռանկարային զարգացման ծրագրերը պետք է ներկայացնեն երկշաբաթյա ժամկետում:

Նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը 2016-ի մարտին աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում է անցնել ծրագրային բյուջեի, ապա պետք է հստակեցնել բոլոր միջնաժամկետ ծախսերը, վերանայել նախատեսվող ծրագրերի բաշխման համամասնությունը` դրանք կապելով Կրթության զարգացման պետական ծրագրի հետ: Մկրտչյանը նաև առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը:

Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա: Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ:

Լևոն Մկրտչյանը 2016-ի փետրվարի 24-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության նախարարի պաշտոնից ազատվել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Մկրտչյանի նշանակումը տեղի է ունեցել ՀՀկ-ՀՅԴ գործակցության շրջանակում:

Կարդացեք նաև՝ Նախարարը՝ ավագ դպրոցի բեռնաթափման, մագիստրական կրթության որակի բարձրացման, ներառական կրթության մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---