«Հասցեական և համարժեք արձագանքեք». ՀՀ ԱԺ-ի կոչը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և միջազգային կառույցներին

«Հասցեական և համարժեք արձագանքեք». ՀՀ ԱԺ-ի կոչը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և միջազգային կառույցներին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ քաղաքական խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերաբերյալ հայտարարություն են տարածել.

«ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: 2016-ի ապրիլի 1-2-ի գիշերն ադրբեջանական բանակը սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ:

1994-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես և վտանգավոր ուղու վրա», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանային անվտանգության համար:

«Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններինհասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար:

Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը և կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին»:

Ընդգծվում է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունն ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը և չի խորշում դրա համար զոհել մարդկային կյանքեր:

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պաշտպանական մարտերում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և կիսում ենք կորստյան ծանր վիշտը, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները, հայ զինվորների մարտական պատրաստականությունը, հայրենիքը պաշտպանելիս դրսևորած անձնազոհությունն ու արիությունը, ինչպես նաև մեր հասարակության միախմբումն ու միասնականությունը»:

Աժ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից 1994-ի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը:

Ապրիլի 4-ի Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին շփման գծում զոհվածների հիշատակը:

ԼՂ ՊԲ տվյալներով, ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ադրբեջանական ստորաբաժանում է ջախջախվել. Տեխնիկան ու զոհերին թողել են հայկական տարածքում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ իրենք են նախահարձակ եղել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---