Բաբայան. Ադրբեջանի պես հարևանի պարագայում բանակն ամեն վայրկյան պատրաստ է ամենավատ զարգացումների

Բաբայան. Ադրբեջանի պես հարևանի պարագայում բանակն ամեն վայրկյան պատրաստ է ամենավատ զարգացումների

PanARMENIAN.Net - Սահմանին իրավիճակը կայուն է, որոշ վայրերում հակառակորդը խախտում է կրակի դադարեցման ռեժիմը, բայց ընդհանուր առմամբ նորմալ է: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շփման գծում տիրող ներկայիս իրավիճակին, հայտնում է Tert.am-ը:

Նա կրկին հավաստիացրել է, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանված է և որևէ բան չի փոխվել:

Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ Ադրբեջանն այս դադարն օգտագործում է ևս մեկ հարձակման պատրաստվելու համար, Բաբայանն ասել է. «Դա ցանկացած պահի պետք է կանխատեսել, բայց մենք ամեն ինչ անելու ենք և այսուհետ ևս ամրապնդելու ենք զինված ուժերը, մեր բանակը, ուժեղացնելու ենք պետությունը, որովհետև նման պահվածքից որևէ մեկն ապահովված չէ, մանավանդ Ադրբեջանի պես հարևանի պարագայում»:

Նա նշել է, որ նախևառաջ բանակն է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման, խաղաղության հիմնական գրավականներից մեկը, չնայած միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես ունի կարևոր դերակատարություն այս գործում:

Անդրադառնալով Վիեննայում կայացած ՄԽ համանախագահների հանդիպմանը՝ Բաբայանն ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ են հանդիպումից, բայց ակնկալում էին ավելի հասցեական և կոշտ դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ:

«Բայց կարծում եմ, որ եթե նույնիսկ, հրապարակային նման կարծիք չի հնչել, ապա ոչ հրապարակային խողովակներով Ադրբեջանին, այնուամենայնիվ, կոշտ նկատողություններ կանեն»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով էր անսպասելի Ադրբեջանի հարձակումը և հնարավոր չէր արդյոք այն կանխատեսել, Բաբայանն ասել է, որ այն հանկարծակի չի եղել. «Բանակն ամեն օր, ամեն վայրկյան պատրաստ է, 24 ժամ իրականացնում է շփման գիծը վերահսկելու իր պարտքը, ամեն վայրկյան պատրաստ է ամենավատ զարգացումների»:

Նա նշել, որ Ադրբեջանը, ըստ երևույթին, պլանավորում էր շատ կարճ ժամանակում ոչնչացնել հայկական հիմնական ուժերը և գրավել ամբողջ Ղարաբաղը, սակայն ձախողվեց:

Դավիթ Բաբայանը շեշտել է, որ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման պայմանագիրը կնքվել է 1994 թվականին, իսկ Ադրբեջանը խախտել է այն և անհրաժեշտ է եղել նոր պայմանավորվածություն՝ նախկին պայմանագիրը հարգելու համար:

«Այսինքն՝ հրադադարի ռեժիմը վերականգնվել է, ոչ թե նոր բան է փոխվել»,- հավելել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---