Զատուլին. Բաքվի առջև պայման էր դրվել, որ ռուսական զենքը չի կիրառվի ղարաբաղյան հակամարտության գոտում

Զատուլին. Բաքվի առջև պայման էր դրվել, որ ռուսական զենքը չի կիրառվի ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ադրբեջանն է խախտել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը, քանի որ նա շահագրգռված չէ ստատուս քվոյով: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Պոլիտիկա» հաղորդման ժամանակ, հայտնում է Tert.am-ը:

Հաղորդման ընթացքում նշվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին: «Զենքը վաճառվում է ամբողջ աշխարհում և բոլոր երկրների կողմից։ Ադրբեջանը, որքան հիշում եմ, զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից և Իսրայելից: Ինչ վերաբերում է զենքին, որը մատակարարվել է Ադրբեջանին և Հայաստանին՝ իմիջիայլոց, ապա պայմաններից մեկը եղել է այն, որ այդ զենքը չի կիրառվելու (ղարաբաղյան) հակամարտության գոտում»,- ասել է նա։

Զատուլինը հավելել է, որ ակնհայտ է, որ Ադրբեջանն է հարձակվել։ «Այս դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը խախտել է 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը: Զառանցանք է ենթադրությունը, թե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, որը ձգտում է պահպանել ստատուս քվոն, որովհետև նրանք ստացել են այն ամենը, ինչ ցանկանում էին դեռ 1994 թվականին, կվերացնեն դա սեփական կամքով։ Ադրբեջանը, ընդհակառակը, շահագրգռված չէ ստատուս քվոյով, ցանկանում է այն ոչնչացնել, պաշտոնապես հայտարարում է, որ չի պատրաստվում այն երկար հանդուրժել, հաշտվել, «մենք պատրաստվում ենք ռազմական ուժով և այլն» այդ ամենը նա ասում է»,- ասել է Զատուլինը:

«Ինչ վերաբերում է այդ տարածքներին, ապա կան պատմական վկայություններ, այդ տարածաշրջանի հարուստ պատմությունը... Ես չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ես ասում եմ միայն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով, որովհետև Ադրբեջանի ցանկացած փորձ, օգտագործելով ցանկացած տեսակի զենք, կարող է արդյունքի հանգեցնել միայն բլից-կրիգի դեպքում։ Ադրբեջանի մոտ բլից-կրիգ երբեք չի լինի, դա ակնհայտ է»,- ասել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---