ԼՂՀ ԱԺ. Իրավիճակի հանգուցալուծման միակ ողջամիտ ճանապարհը ԼՂՀ իրավական ճանաչումն է

ԼՂՀ ԱԺ. Իրավիճակի հանգուցալուծման միակ ողջամիտ ճանապարհը ԼՂՀ իրավական ճանաչումն է

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

Ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը:

Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակողական գործողությունների ծավալմանը, որի ընթացքում կիրառվել են բազմաթիվ արգելված զինատեսակներ, հրետակոծվել ու հրթիռակոծվել են սահմանամերձ մի շարք գյուղեր ու քաղաքներ, գրանցվել վայրագ սպանությունների և հակամարդկային բռնարարքների դեպքեր:

«Մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներս, որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, դատապարտելով Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության դեմ՝

- վերահաստատում ենք, որ, կողմնակից լինելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության համար գերագույն խնդիրը եղել և մնում է իր ժողովրդի անվտանգության ապահովումը, որը վտանգված էր վերջին օրերի ադրբեջանական ահաբեկչության հետևանքով,

- գտնում ենք, որ, ձեռնարկելով ռազմական գործողությունների նոր փուլ Արցախի ժողովրդի հանդեպ, Ադրբեջանը և նրան հովանավորողները փորձում են Հարավային Կովկասը դարձնել միջազգային ահաբեկչության նոր օջախ, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգային համակարգին,

- բարձր ենք գնահատում երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար ԼՂՀ Պաշտպանության բանակի վստահ ու վճռական գործողությունները

- կոչ ենք անում միջազգային կառույցներին և, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, հստակ իրավական ու քաղաքական գնահատական տալ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ իրականացված ահաբեկչական գործողություններին և կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

ԼՂՀ ԱԺ հայտարարության մեջ ասվում է նաև, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ամենակարճ ու միակ ողջամիտ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչումն է, որը թույլ կտա լիարժեք ու միջազգայնորեն ընդունված երաշխիքներով ապահովել նրա ժողովրդի անվտանգությունն ու տարածաշրջանի կայունությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---