Օհանյան. ՀՀ-ն պատրաստ է սանձահարել հակառակորդին, բայց դեռ բանակցություններին է ապավինում

Օհանյան. ՀՀ-ն պատրաստ է սանձահարել հակառակորդին, բայց դեռ բանակցություններին է ապավինում

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

Հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և հնարավոր զարգացումների քննարկմանը:

Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին և ձևավորված իրավիճակին: Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հերոսական և հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը և հակառակորդի հետագա գործողությունների կանխումը: Ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը:

Հանդիպումից հետո ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է Тwitter-ում. «Այսքան զոհերից հետո կանգ առնելու և խաղաղ բանակցությունների ժամանակն է: Չե՞ք կարծում»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Կարդացեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---