Թոռը փրկել է 104-ամյա տատին` շալակած դուրս բերելով Թալիշից

Թոռը փրկել է 104-ամյա տատին` շալակած դուրս բերելով Թալիշից

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա առաջին ժամերը Ղարաբաղի Թալիշ գյուղում խաղաղ էին։ Պատերազմ տեսած ու թշնամու հարձակումներին սովոր թալիշցիները սահմանի այն կողմից ներխուժման վտանգ չէին կանխազգում, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

104-ամյա Հայկա տատն էլ համագյուղացիների պես խաղաղ քնած էր, երբ ուշ գիշերին նրան արթնացրեց հարսի անհանգիստ ու վախեցած ձայնը` վե՛ր կացեք, կռիվ է սկսվել, դո՛ւրս եկեք տնից։

Հայկա տատը պատմում է, որ արկերի պայթյունների ներքո արագ հագնվել, դուրս են վազել տնից ու թաքնվել նկուղում։ Բայց կրակոցներն ու պայթյուններն աստիճանաբար մոտենում էին։

104-ամյա կինը հասկացել է, որ դրանք արդեն իրենց գյուղի տարածք են ընկնում։ «Լսեցի, որ տրաքեց մի բան, ասեցի, վա՜յ, մեզ կոտորեցին»,- պատմում է տարեց կինը` հիշելով, որ ինքն այդ պահին նկուղի պատի մոտ էր նստած։ Տատիկի պատվին Հայկ անունը կրող թոռը, ով չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է թրծվել պատերազմի բովում ու փորձառություն ձեռք բերել, հարազատներին հրահանգել է դուրս գալ նկուղից ու փախչել գյուղից։ 104-ամյա կնոջ համար ոչ միայն փախուստը, այլև նույնիսկ նստած տեղից բարձրանալն այնքան էլ հեշտ չէր։ Հայկը տատին գրկել ու դուրս է հանել նկուղից։ Ու այդ պահին արկն ընկել է հենց տատի նստած տեղում։ «Թոռս ասեց`տեսա՞ր, լավ էր, որ դուրս եկանք»,- պատմում է Հայկա տատը։

Բայց սիրելի տատիկի կյանքը փրկելու համար, նրան պետք էր նաև գյուղից հեռացնել։ Համագյուղացիներն այդ պահին արդեն ցաքուցրիվ փախչում էին` ով ոտքով, ով ավտոմեքենայով։ Առանց երկար մտածելու տղան շալակեց տատին ու չդադարող կրակի տակ վազեց գյուղից դուրս տանող ճանապարհով։

Հայկն ու Հայկա տատը վերջինն էին, որ լքեցին հայրենի գյուղը։ Տատին շալակած քայլելը հեշտ չէր, բայց բաղձալի փրկության համար ընդամենը 300 մետր էր պետք։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են:: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---