Հայկական կողմին հանձնված զոհվածների բոլոր մարմինները խոշտանգված են եղել

Հայկական կողմին հանձնված զոհվածների բոլոր մարմինները խոշտանգված են եղել

PanARMENIAN.Net - ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է, որ համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի:

«Այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները։

Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---