Օհանյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Օհանյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 13-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները և նշել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն:

Եվս մեկ անգամ կարևորվել է միջնորդական ակտիվ ջանքերի և հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման:

Ապրիլի 2-ից 5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը գործողություններ է կատարել նաև խաղաղ բնակիչների դեմ: Ռմբակոծվել են խաղաղ բնակավայրեր, ու ռազմական նշանակություն չունեցող օբյեկտներ: Դպրոցի հրետակոծման հետևանքով 1 երեխա զոհվել, 2-ը վիրավորվել էին: Թալիշ գյուղն ադրբեջանցիների կողմից գրավելուց հետո սպանվել է երեք տարեց բնակիչ, նրանց մարմիններն այլանդակվել են: Խեղվել են նաև ադրբեջանցիների կողմից գրավված տարածքում հայտնված զոհված հայ զինվորների մարմինները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---