Նախարար. Հակառակորդին ոչ մի ռազմավարական դիրք չի հանձնվել

Նախարար. Հակառակորդին ոչ մի ռազմավարական դիրք չի հանձնվել

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար` մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտնում է Panorama.am-ը:

«Մեր սպառազինությունն անընդհատ թարմացվում, արդիականացվում է: Իհարկե, նոր սպառազինությունների կարիք էլ ունենք, որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին օրերին նախաձեռնված լայնածավալ ռազմական գործողություններին՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Պաշտպանության բանակում մարտը մղվել է հենց առաջին շարակազմում, առաջին դիրքի խորությամբ՝ 2, 2.5 կիլոմետր, ընդ որում՝ դասակային խորությունից ավել մարդկային շարժ տեղի չի ունեցել: Հենց դասակային խորության մեջ են եղել մարտական գործողությունները, և այդ ժամանակահատվածում կիրառվել են այն միջոցները, որոնք այդտեղ անհրաժեշտ են եղել: Հոյակապ կռվել են մեր տանկիստները, որոնք հակառակորդի բազմաթիվ նորագույն տանկեր են խոցել, գերազանց աշխատանք են իրականացրել մեր հրետանավորները՝ խոցելով հակառակորդի խորքում գտնվող բոլոր շարասյունները՝ կասեցնելով վերջիններիս առաջխաղացումը: Մինչև 30 ուղղություններով հակառակորդը փորձել է ներթափանցում իրականացնել, սակայն այդ նախաձեռնությունները տապալվել են»:

«Ոչ մի ռազմավարական դիրք հակառակորդին հանձնված չէ: Այդ 400-500 մետր շարժը, որի մի մասն իրենց կողմից է եղել, մյուս մասը՝ մեր, չպահվող, մեզ համար էական նշանակություն չունեցող դիրքեր են, պարզապես մանևրելու համար են: Դիրքերի մեծ մասը մեր առաջին գծում կանգնած զինծառայողների խելացի հակահարվածների շնորհիվ վերականգնվել են»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշել է, որ մարտական գործողությունները ցույց տվեցին, որ մեր բանակում կառավարման շղթան բարձր մակարդակի վրա է գտնում: Ըստ նախարարի, այդ հարցում իրենց մեծ ներդրումն ունեն ինչպես պրոֆեսիոնալ հրամանատարները, այնպես էլ համարձակ զինվորները, որոնք միշտ պատրաստակամ կանգնած են սպայական անձնակազմի կողքին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակներ կիառելու փաստին` Օհանյանն ասել է. «Ձախողված դիվերսիաներից, մեծ կորուստներ կրելուց հետո, կարելի է ասել հիստերիայի վիճակում, Ադրբեջանը սկսեց ծանր տեխնիկա կիրառել՝ ապահովագրելու իրենց կորուստներն ու անհաջողությունները: Դրանից հետո ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դիմեց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ ասելով, որ Ադրբեջանը զինադադար է ուզում»:

Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջա՞նն է դիմել զինադադարի խնդրանքով, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Ես այսօր չեմ կարող ստույգ ասել՝ ով է առաջարկել զինադադար, համենայնդեպս, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է մեզ դիմել զինադադարի առաջարկով»:

Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ ԼՂՀ և ՀՀ սահմաններում իրադրությունն այս պահին կայուն, վերահսկելի է: «Զինված ուժերը տեղակայված են սահմանի ողջ երկայնքով անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմակայության»,-ասաց նախարարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---