ԱԺ փոխնախագահ. Ռոգոզինի պատասխանը Բաքվին զենք վաճառելու քննադատությանը կոպիտ է և անընդունելի

ԱԺ փոխնախագահ. Ռոգոզինի պատասխանը Բաքվին զենք վաճառելու քննադատությանը կոպիտ է և անընդունելի

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոպիտ և անընդունելի է համարում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման քննադատությունը «դեմագոգիա է, բառակույտ և լալկան նվնվոց», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ապրիլի 14-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, անդրադառնալով Ռոգոզինի հայտարարությանը, Նաղդալյանն ասել է. «Ինչ վերաբերում է ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի այդ հայտարարությանը, որը իսկապես բավական կոպիտ է և անընդունելի, կարծում եմ՝ դրա վերաբերյալ լավագույն պատասխանը հենց այն է, թե ինչ կատարվեց այդ հայտարարության հետ ընդամենը մեկ ժամվա ընթացքում և հենց այն հանգամանքը, որ ընդամենը մեկ ժամ հետո այդ հայտարարությունը այլևս այդ համապատասխան էջից ջնջված էր, կարծում եմ՝ լավագույն պատասխանն է այն մասին, թե ինչպես է ընկալվել այդ հայտարարությունը առաջին հերթին հենց բուն Ռուսաստանում, իսկ հետո նոր՝ Հայաստանում»:

Դմիտրի Ռոգոզինը նաև ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահն է: Ռուսական մամուլի տվյալներով վերջին տարիներին Մոսկվան մոտ 5 միլիարդ դոլարի հարձակողական սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: Նաղդալյանը խոսել է անձնական շահի մասին. «Կարող են անհատները տարբեր բաներ խոսել՝ ելնելով իրենց մտածելակերպից, իրենց շահերից, իրենց անձնական դիրքորոշումներից, բայց պետական գործընթացները ղեկավարվում են ոչ այդպիսի սկզբունքներով»:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքի հարցը դարձել է հայ-ռուսական հրապարակային տարաձայնությունների առարկա: Ավելի վաղ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ռուսական այդ զենքով հակառակորդը սպանում է նաև երեխաների: «Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից», - Մեդվեդևի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Մի քանի օր անց ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Դմիտրի Ռոգոզինը տարակուսանք էր հայտնել հակամարտող կողմերին զենք վաճառելու շուրջ ծագած դժգոհության առնչությամբ՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---