57  23.04.16 - «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ համաժողովը

ՀՀ նախագահ. Միջազգային հանրությունը պետք է արմատախիլ անի ցեղասպանածին ցանկացած երևույթ

ՀՀ նախագահ. Միջազգային հանրությունը պետք է արմատախիլ անի ցեղասպանածին ցանկացած երևույթ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվում է «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո: Ֆորումում Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով:

Նախագահը հիշեցրել է, որ 1 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ազդարարեց հասարակական-քաղաքական այս գլոբալ համաժողովի աշխատանքների մեկնարկը՝ հավատալով դրա առաքելությանն ու հաջողությանը։ «Այսօր՝ մեկ տարի անց, համոզված կարող եմ ասել, որ այն հաջողվեց. առաջին համաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլև բազմահազար մարդկանց շրջանում, ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այն առիթ դարձավ, որ աշխարհը մեկ անգամ ևս խոսի մարդածին ծանրագույն չարիքի՝ ցեղասպանության մասին»,-ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ 2015 թվականը մի հանգրվան էր, երբ վերաիմաստավորվեց հայ ժողովրդի գոյության իրավունքի և պատմական արդարության վերականգնմանն ուղղված հարյուրամյա պայքարը։ «Եվ ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության ու վերածննդի ուղերձներով և այն հաստատակամությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը 21-րդ դարում լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մեր պատկերացումն այսօր հստակ է՝ պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար»,-ասել է նա:

2015 թվականը կարևոր էր այս առումով՝ աշխարհի շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կառույցներ, կրոնական կազմակերպություններ, ականավոր անհատներ իրենց համերաշխությունը հայտնեցին ցեղասպանությունների դեմ մեր ընդհանուր պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։

Նախագահը շեշտել է, որ այսօր դժվար է պատկերացնել անվտանգության դեմ ուղղված մի մարտահրավեր, որ սպառնա միայն մեկ երկրի։ «Հետևաբար որևէ մեկս չենք կարող ապահովագրված զգալ այն սարսափներից, որ ապրել են մեր նախնիները 20-րդ դարում, որ վերապրում են մեր ժամանակակիցները՝ 21-րդ դարում, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլևս երբեք»՝ անկախ այն գնից, որ յուրաքանչյուրս վճարելու ենք։ Այս տրամաբանությունը մեզ հուշում է նաև, որ աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն»,-ասել է նա:

«Այսօր էլ մարդկությունը, ցավոք, պակաս ունի մարդկայնության։ Դրա վկայությունն է նաև ցեղասպանություն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է վերապրածների համար: Ինչպես իրավացիորեն ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը. «Ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Առանձին դեպքերում ժխտողականությունը դրսևորվում է նաև հիշելու և իմանալու իրավունքների ոտնահարմամբ: Ժխտողականությունը մշտական վախի պայմաններում է պահում վերապրածներին և նրանց սերունդներին, քանզի նրանք, ովքեր ժխտում կամ արդարացնում են տեղի ունեցածը, անուղղակիորեն չեն բացառում ապագայում հնարավոր պայմանների առկայության պարագայում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը:

Միաժամանակ, կարծում եմ ցեղասպանություն հանցագործության հետ կապված միջազգային իրավական փաստաթղթերը բավարար ուշադրության չեն արժանացնում վերապրածների խնդիրների միջազգային իրավական կարգավորումներին: Նույնը կարելի է ասել նաև փախստականների հետ կապված միջազգային իրավական ռեժիմի մասին: Կարևոր է հասկանալ, թե առկա իրավական մեխանիզմների կատարելագործման կամ նորերի ներմուծման միջոցներով ինչպես է հնարավոր իրավաբանորեն ամրագրել ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություններ վերապրածների առանձնահատուկ կարգավիճակը, առանց որի թերևս անհնար է համակարգված ձևով մոտենալ խնդրի լուծմանը:

Ցանկացած հանցագործության արդարացի դատապարտումը պահանջում է նաև կրած կորուստների ու զրկանքների նկատմամբ տուժածների իրավունքների ճանաչում: Պետք է ապահովվեն անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը, այլ նաև իրականացնել այն»,-ասել է Սերժ Սարգսյանն իր ելույթում:

Նախագահը նշել է, որ վերջին շրջանում աշխարհը սարսափած հետևում է, թե ինչպես են Մերձավոր Արևելքում Իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի։ Աշխարհը վրդովված է այս բարբարոսություններից այն դեպքում, երբ դա կատարողն ընդամենը մի ավազակախումբ է, որին դժվար է պատասխանատվության ենթարկել և որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով։

«Սակայն, եթե ավազակախմբի կողմից իրականացված հանցանքների պարագայում նրանց դեմ պայքարում են հրթիռներով, ապա հարց է առաջանում թե ի՞նչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ խրախուսելու և իրականացնելու համար»,-ասել է նախագահը:

«Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԽ-ի և բազմաթիվ այլ կառույցների անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով. նրանք անդամախեղեց տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում այդ ամենը որպես հերոսության դրսևորում ցուցադրելով: Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինա՞կ չէ արդյոք, որ բարբարոսական քաղաքականություն իրականացնող և քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող նման երկիրն այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» խորագրով համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի կեցվածք է: Մենք պետք է հասնենք նրան, որ ատելության այսօրինակ սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից՝ վախենալով, որ պատասխան է տալու»,-ասել է նա:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է նույնքան արագ և վճռականորեն արմատախիլ անի ցեղասպանածին այսօրինակ երևույթները, որտեղ էլ որ դրանք դրսևորվեն, ինչպես մի քանի օր առաջ դա արեց Շվեդիայի ղեկավարությունն ու հասարակությունը՝ թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանիի կողմից հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ։ Սա պահանջում է համախմբած աշխատանք, երբեմն աշխարհաքաղաքական շահերի ստորադասում, երևույթների հստակ ու հասցեական դատապարտում: Նախագահը նշել է նաև, որ եթե նման արատավոր երևույթները արմատախիլ չարվեն դեռ սաղմնային վիճակում, ստիպված ենք լինելու լծվել դրանց բազմաբնույթ ու անկանխատեսելի հետևանքների վերացմանը՝ շարունակելու ենք առերեսվել ատելությունից սնվող տարատեսակ հանցագործությունների, որոնցից է, նոր թափ ու ծավալներ ստացած ահաբեկչությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդը երախտագիտության ուղերձ հղեց ողջ աշխարհին։ Մեկնարկեց «100 կյանք» նախաձեռնությունն ու «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր այդ դժվարին օրերին փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: «Շնորհավորում և հիացմունքս եմ հայտնում մրցանակի հավակնորդներին. ձեր բոլորի պատմություններն էլ շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։ Շնորհակալ եմ նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, մրցանակաբաշխության կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչմանը»,-ասել է նախագահը:

Ապրիլի 23-ին Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որի ընթացքում, նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, բաց քննարկում է լինելու ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, այլ առհասարակ՝ ցեղասպանության հանցագործության շուրջ: Ֆորումի մասնակիցները կենտրոնանալու են ցեղասպանության կենդանի վերապրողների խնդիրների վրա, մարդիկ, ովքեր տեսել են արհավիրքն իրենց աչքերով, զգացել են այդ հանցագործությունն իրենց, իրենց ընտանիքների վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---