Նալբանդյան. Բանակցությունները հնարավոր կլինի շարունակել, երբ Բաքվին կարգի հրավիրեն

Նալբանդյան. Բանակցությունները հնարավոր կլինի շարունակել, երբ Բաքվին կարգի հրավիրեն

PanARMENIAN.Net - ԼՂ հարցով բանակցային գործընթացի հեռանկարները կապված են առաջին հերթին նրա հետ, որ վերացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանը:

«Իհարկե, այսօր միջազգային հանրության և, առաջին հերթին, եռանախագահող երկրների՝ Հայաստանի հետ համատեղ ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքների վերացմանը, նրան, որպեսզի հնարավորինս բացառվի ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը:

Ասեկոսեներ կային, թե Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ինչ-որ փաթեթ է բերել։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ հիմնախնդրի կարգավորման բանակցություններ այս պայմաններում դժվար է վարել, քանի որ չկան համապատասխան պայմաններ: Ադրբեջանի ցանկությունն է ներկայացնել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, բանակցային գործընթացից, թե Հայաստանը դեմ է այս գործընթացին: Դա ամբողջովին սուտ է», - ասել է Նալբանդյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից:

«Եթե ինչ-որ հանդիպումներ բարձր մակարդակով, նախարարների մակարդակով, այլ մակարդակներով, չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է հենց Ադրբեջանի պատճառով:

Վերջին այդպիսի դեպքը Վաշինգտոնում էր, երբ ադրբեջանցիներն ընդհանրապես հրաժարվեցին հանդիպել անգամ եռանախագահների հետ: Այսօր Ադրբեջանի կողմից նաև ապարդյուն փորձեր են կատարվում՝ հարցականի տակ դնելու զինադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի ուժի մեջ լինելը: Նման փորձեր կատարվեցին դիվանագիտական կուլիսներում` Վիեննայում, Նյու Յորքում։ Համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից: Եռանախագահներն ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ՝ զինադադարի ու դրա ամրապնդման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել են 1994-1995թթ., ուժի մեջ են, և դրանց դրույթները պետք է իրականացվեն անվերապահ: Դա մեր կարծիքն է, դա միջազգային հանրության և եռանախագահների կարծիքն է», - շեշտել է ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, դա ցույց է տվել, որ Ադրբեջանը, փաստորեն, հակադրվում է միջազգային հանրության կարծիքին:

Նալբանդյանը նկատել է, որ Ադրբեջանը ձևացնում է, թե ապրիլի 2-ին տեղյակ չէր, որ սանձազերծել է լայնածավալ գործողություններն Արցախի դեմ, որ տեղյակ չէ, թե որքան զոհ է տվել այդ արկածախնդրության հետևանքով, տեղյակ չէ, թե ինչ է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը, տեղյակ չէ եռանախագահող երկրների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հինգ հայտարարություններից և այլն:

«Ես կարծում եմ՝ այդ անտեղյակներին կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումները և քննարկումները վերաբերում են նրան, թե ինչպես հաղթահարել այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի այս ագրեսիայի արդյունքում»։

Հարցին, թե ինչ փուլում է գտնվում Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակումը, արտգործնախարարը հայտնել է, որ դա ընթացքի մեջ է:

«Այդ պայմանագիրը կամ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հետ միասին մշակվում է, դա պարզ գործընթաց չէ, և բավականին փորձագիտական և այլ աշխատանքի կարիք կա։ Երբ այդ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն, և պահը գա, որ արդեն կարելի է այդպիսի պայմանագիր կնքել, այդ ժամանակ կիրականացվի»:

Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են իրականացվել կապված ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարության հետ, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին, Նալբանդյանն ասել է. «Ինչպես ես ասել էի իմ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, դիվանագիտության, դրա բնույթի կամ աշխատանքային ոճից ելնելով ոչ ամեն ինչի մասին է հրապարակվում կամ հայտարարվում:

Այն, ինչ հայտարարվում է, դա մի մասն է, չէի ասի, որ մեծ մասն է կամ չնչին մասն է, բայց մենք բավականին հրապարակային ենք աշխատում։ Վերջին շրջանում արտգործնախարարության մի քանի հայտարարություններ են եղել, բազմաթիվ հաղորդագրություններ են հրապարակվել, նախարարը, փոխնախարարները հարցազրույցներ են տվել: Բայց կան որոշ հանդիպումներ, զրույցներ, որոնք շարունակական բնույթ են կրում, և արդյունավետության տեսանկյունից նախընտրելի է չհրապարակել։ Այս հարցով այդպիսի զրույցներ եղել են, հանդիպումներ եղել են, և կարծիքներ հայտնվել են»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսումը Մոսկվայի միջնորդությամբ հետաձգվում է: «Կոմերսանտը» գրում է, որ ՀՀ նախագահը նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում և նոր չի համարում այն առաջարկությունները, որոնք նախորդ շաբաթ Երևան էր բերել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի դեմարշը, որը գերադասում է առկա ստատուս քվոն, բարդ վիճակի մեջ է դնում նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին` մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցությունների հեռանկարները: Պարբերականը նշում է, որ ՀՀ նախագահի հարցազրույցը Bloomberg-ին սառեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արագացված բանակցությունների կողմնակիցների խանդավառությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---