Օհանյան. Պաշտոնից հեռացված զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի

Օհանյան. Պաշտոնից հեռացված զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի

PanARMENIAN.Net - Բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված և հրամաններն ու որոշումները չեն քննարկում: Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին:

Ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից են ազատվել մի շարք բարձրաստիճան զինվորականներ:

«Եթե հարցը կադրային փոփոխություններն են, ապա պահի հետ անկասկած կապ ունեն և միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգն ավելի բարելավելու և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելու համար»,- ասել է Օհանյանը՝ չհստակեցնելով, թե «պահ» ասվածը նկատի ունի 4-օրյա պատերազմական գործողությունները, թե ոչ:

Օհանյանը տեղեկացրել է, որ պաշտոնանկ եղած զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելու աստիճանի չի:

«Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունների անցկացման շրջանակներում և այդ գործունեությունը կանոնակարգված է, և բանակում էլ, ինչպես մնացած բոլոր կառույցներում, կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր, և քրեական գործի ավարտից հետո համապատասխան հետևություններ կատարվում են»,- ասել է պաշտպանության նախարարը, գրում է Armtimes.com-ը:

Միաժամանակ, նա նշել է, որ ԼՂՀ ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, հակառակորդին զրկել է մարտավարական առավելություններից: Խոսելով սահմանին ադրբեջանական զորամիավորումների կուտակումների մասին, Օհանյանն ասել է, որ իրավիճակն առաջնագծում լարված է, ամեն պահի ցանկացած զարգացումներ կարող են լինել:

Օհանյանը մայիսի 3-ին փակ հանդիպում է անցկացրել ԱԺ պատգամավորների հետ: Ապրիլի 25-ին Ազգային ժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ԱԺ ղեկավարությանն առաջարկել է խորհրդարան հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարությանը` նախարար Սեյրան Օհանյանին և Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այժմ պատասխաններ չեն ստացել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---