Բունդեսթագի փոխնախագահ. Ցեղասպանության ճանաչումը թույլ կտա քննարկել դրանում մեր պատասխանատվության հարցը

Բունդեսթագի փոխնախագահ. Ցեղասպանության ճանաչումը թույլ կտա քննարկել դրանում մեր պատասխանատվության հարցը

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթը խոսել է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ», Ռոթը ասել է.

«Այս մոտեցումը անհավատալի է. ոմն դեսպան բացահայտորեն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հյուպատոսարան, ոչ մի պետություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրավունքն է՝ որոշել, թե ինչը քննարկենք, ինչի վերաբերյալ որոշումներ կայացնենք:

Հուսով եմ, որ «Սոցիալ-դեմոկրատական» և «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունները հավատարիմ կմանան իրենց խոսքին և խնդիրը ոչ միայն կքննարկվի, այլև նրանք կքվեարկեն բանաձևի օգտին և տեղի ունեցածը կկոչեն իր անունով: Իսկ այդ անունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպանությունը: Մենք նույնիսկ ուշացել ենք, անհրաժեշտ էր դեռ անցյալ տարի ճանաչել», Թուրքիայի հայկական «Ակոս» թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ դեռևս 10 տարի առաջ, երբ Հրանտ Դինքը պարբերաբար Գերմանիա էր այցելում և Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ կազմակերպում, ինքն ու Դինքը բազմիցս խոսել են Ցեղասպանության ճանաչման հնարավորությունների մասին: Եվ հիմա՝ 10 տարի անց, երբ Դինքը սպանված է, նա իրեն պարտավորված է զգում Դինքի հանդեպ՝ այս հարցը քննարկելու ու Ցեղասպանությունը ճանաչելու հարցում, :

Իսկ այն հարցին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ռոթը պատասխանել է. «Այս ցեղասպանության ճանաչումը հնարավորություն կտա քննարկման դնելու դրանում մեր պատասխանատվության խնդիրը: Քանի որ տեղի ունեցածի համար պատասխանատու է նաև Գերմանիան: Գերմանիայի միապետությունը Թուրքիայի դաշնակիցն էր և չնայած տեղեկություն ուներ ընթացիկ իրադարձությունների մասին՝ չմիջամտեց և չկասեցրեց Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է առերեսվենք մեր պատմության հետ»:

Նշենք, որ Կլաուդիա Ռոթը 1990-ականներին Թուրքիայում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման լուրջ դեպքերը խորհրդարանի օրակարգ բերող եզակի դեմքերից մեկն էր: Նա 2013թ. Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած բախումների ժամանակ ենթարկվել է ոստիկանների բռնությանը, իսկ վերջին տարիների ընթացքում Ռոթը Գերմանիայում Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը քննադատողներից մեկն է:

2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---