ԼՂՀ ԱԳՆ. Արցախը պատրաստ է կանխել Ադրբեջանի հերթական ագրեսիայի ցանկացած փորձ

ԼՂՀ ԱԳՆ. Արցախը պատրաստ է կանխել Ադրբեջանի հերթական ագրեսիայի ցանկացած փորձ

PanARMENIAN.Net - ԼՂՀ իշխանությունները բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել են ադրբեջանական կողմի նպատակաուղղված գործողություններին, ինչի արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներն ամեն անգամ դառնում էին առավել սպառնալի ինչպես բնույթով, այնպես էլ՝ ծավալներով: Այս մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որտեղ անդրադարձ է կատարվել ԼՂՀ, Ադրբեջանի և ՀՀ միջև ՌԴ միջնորդությամբ 1994 թ. մայիսի 12-ին ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքման 22-ամյակին:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ 22 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են միակ իրական ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար և վերջնական կարգավորման որոնմանը։

Նշվում է, որ մինչև ապրիլի 2-ը հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում էր՝ չնայած ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերին։ ԼՂՀ իշխանությունները բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել են ադրբեջանական կողմի նպատակաուղղված գործողություններին, ինչի արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներն ամեն անգամ դառնում էին առավել սպառնալի ինչպես բնույթով, այնպես էլ՝ ծավալներով։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, պաշտոնական Ստեփանակերտը համառորեն կոչ էր անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կանխամտածված քաղաքականությունը՝ ուղղված լարվածության սրմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի տապալմանը։ «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ համարժեք և հասցեական միջազգային արձագանքի բացակայության պայմաններում տարածաշրջանում պատերազմի սանձազերծման նպատակով Ադրբեջանի հետևողական և նպատակաուղղված գործողությունները կստանան անդառնալի բնույթ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։

Միայն չափն անցած հակառակորդին արժանի հակահարված հասցրած ԼՂՀ պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ, Ադրբեջանը ապրիլի 5-ին ստիպված եղավ, ինչպես և 1994 թվականին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում, ինչը, չնայած ադրբեջանական կողմի պարբերական խախտումներին, հիմնականում պահպանվում է»,-ասվում է փաստաթղթում:

«Անգամ ապրիլի 2-5 ռազմական արկածախնդրության ձախողումից հետո, Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության ուժային լուծման գաղափարից, որի ապացույցն են Ադրբեջանի պաշտոնական անձանց հայտարարությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ավելին, Ադրբեջանը միակողմանի կարգով փորձում է չեղարկել 1994 թ. մայիսի 12-իհրադադարի ռեժիմի համաձայնագիրը, ինչը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տապալման ևտարածաշրջանում պատերազմի սանձազերծման քաղաքականության ակնհայտ շարունակություն է։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և գործադրելով բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման համար, միևնույն ժամանակ պատրաստ է ամենայն վճռականությամբ կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի ցանկացած փորձ։

Միայն 1994 թ.մայիսի 12-ի համաձայնագրի լիակատար կիրարկումը և ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման և կայունացման միջոցների ամբողջական համալիր պարունակող 1995 թ. փետրվարի 6-իհամաձայնագրի գործնական կիրառումը կարող են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման համար»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---