«Կոմերսանտ». Սարգսյան-Ալիև հանդիպումը նոր ինտրիգ է ստեղծել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում

«Կոմերսանտ». Սարգսյան-Ալիև հանդիպումը նոր ինտրիգ է ստեղծել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին անձնական շփումը, որը տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում 1994 թվականից ի վեր ամենամասշտաբային ռազմական դիմակայությունից հետո, ստեղծել է նոր ինտրիգ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում, գրում են «Կոմերսանտի» հոդվածագիրներ Սերգեյ Ստրոկանը և Կիրիլ Կրիվոշեևը, հայտնում է Tert.am-ը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

«Կոմերսանտի» հարցերին պատասխանած փորձագետները կարծում են, որ քաղաքական կարգավորման հեռանկարները կախված կլինեն նրանից, թե Վիեննայի հանդիպումը կդառնա՞ արդյոք նախաբան բարձր մակարդակով բանակցությունների վերսկսման համար, որոնց մասին Մոսկվան հայտարարել էր դեռ ապրիլին:

Ավստրիայի մայրաքաղաքը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Անդրկովկասում ճգնաժամերի քննարկման համար բանակցային հարթակ դարձնելուն նպաստել են ոչ միայն ժամանակային առումով համընկած Սիրիայի և Լիբիայի հարցերով բազմակողմանի բանակցությունները, այլև Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանկարծակի հայտնվելը: Նրանց անձնական շփման հեռանկարը մինչև վերջին պահը մշուշոտ էր թվում։

Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 12-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի երեք կետերի՝ հրադադարի ու վստահության ամրապնդման և խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցման հարցերը քննարկելու նպատակով բանակցային սեղանի շուրջ անհապաղ վերադառնալու անհրաժեշտության մասին:

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և կրկին հունիսին հանդիպելու մասին, սակայն նախագահների հաջորդ հանդիպման ոչ հստակ ամսաթիվը, ոչ վայրը հայտնի չեն:

Ադրբեջանի նախագահը պաշտոնական հայտարարություններ չարեց Վիեննայի հանդիպման արդյունքներով՝ ի տարբերություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի:

Այնուամենայնիվ, «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն հայտնել է, որ առկա է «զգուշավոր լավատեսություն», որը կայանում է «մեծ արյունահեղությունից խուսափելու» ցանկության մեջ: «Նման մոտեցում են ցույց տալիս ինչպես Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ հենց հակամարտության կողմերը»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, ադրբեջանցի փորձագետն ուշադրություն է հրավիրել ԼՂ հարցով պահպանվող Երևանի և Բաքվի միջև «հիմնարար տարաձայնությունների» վրա: «Բանակցությունների հերթական տապալման հետևանքը կարող է լինել ճակատում հերթական սրացումը»,- հավելել է ադրբեջանցի փորձագետը:

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համանախագահների հայտարարությունն, ասաց. «Էական փոփոխություններ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում լինել չեն կարող, մենք նման պարտավորություններ չենք ստանձնել»:

Իր հերթին՝ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը որպես Վիեննայի հանդիպման նպատակ է նշել կողմերի միջև վստահության վերադարձը և սահմանին լարվածության նվազեցումը: Սերգեյ Մինասյանը նույնպես հանդիպման արդյունքներին իր վերաբերմունքը բնորոշել է որպես «շատ զգուշավոր լավատեսություն»: «Ապրիլյան սրացումից հետո Ադրբեջանը գուցեև զուտ ձևական, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնել սկսել առարկայական քննարկումը»,- կարծում է Սերգեյ Մինասյանը:

«Եթե ամսվա ընթացքում, մինչև նախագահների հաջորդ հանդիպումը, վստահության միջոցների ներդրման մեխանիզմն իրականացվի, կարելի է խոսել իրական բանակցային գործընթացի մեկնարկի մասին»,- ասել է փորձագետը՝ հավելելով, սակայն, որ այդ գործընթացը կարող է տևել «տարիներ, եթե ոչ տասնամյակներ»:

Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում բեկման մասին խոսելը դեռ վաղ է։ Նա նշել է, որ հակամարտության սառեցումը դեռ կայուն չէ, սակայն, նրա կարծիքով, խնդիրը լուծելու դիվանագիտական փորձերը կշարունակվեն:

Ընթերցեք նաև. Մամեդով. Բաքուն դեմ է Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---