Նալբանդյանը՝ ԵԽ նիստին. Հետաքննության մեխանիզմի ներդրումը կարող է օգնել բանակցությունների վերսկսմանը

Նալբանդյանը՝ ԵԽ նիստին. Հետաքննության մեխանիզմի ներդրումը կարող է օգնել բանակցությունների վերսկսմանը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Սոֆիայում կայացել է Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի՝ նախարարների կոմիտեի 126-րդ նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԵԽ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ներկա էին և քննարկումներին մասնակցել են ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ։

Անդրադառնալով Եվրախորհրդի օրակարգային հարցերին՝ նախարարն ասել է. «Մենք կիսում ենք Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն։ Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում»:

Գործընկերներին ներկայացնլով ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման նպատակով երկու օր առաջ Վիեննայում կայացած բարձր մակարդակի հանդիպումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Նման իրավիճակի ականատեսը դարձանք 2016-ի ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»։

Նալբանդյանը նշել է, որ ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

«Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար», - ասել է արտգործնախարարը:

Նրա խոսքով, մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարը հույս է հայտնել, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ Նալբանդյան. Ադրբեջանը բազմիցս հետքայլ է արել առաջարկվող փոխզիջումային լուծումներից

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---