Եվրահանձնաժողովի ղեկավար. ԵՄ-ն ի վիճակի չէ միլիոնավոր փախստականների ընդունել

Եվրահանձնաժողովի ղեկավար. ԵՄ-ն ի վիճակի չէ միլիոնավոր փախստականների ընդունել

PanARMENIAN.Net - Եվրամիության հնարավարությունները սահմանափակ են փախստականների հարցում, ընկերակցության երկրներն ի վիճակի չեն միլիոնավոր միգրանտների ընդունել: Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք չունենք միլիոնավոր փախստականների ընդունելու համարժեք հնարավորություն»,-ասել է նա` ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների խորհրդարանների խոսնակների խորհրդաժողովում:

Եվրահանձնաժողովի նախագահը կարևորել է Թուրքիայի հետ ԵՄ միգրացիոն համաձայնագրի կատարումը, մասնավորապես Հունաստանի համար փախստականների խնդիրը հանգուցալուծելու նպատակով, որտեղ, ըստ նրա, այժմ արդեն ավելի քան 15 000 փախստական կա:

Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԵՄ-ն մտադիր է իրեն իրավունք վերապահել վերադարձնել մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի, Վրաստանի և Ուկրաինայի համար: Իսկ մինչ այդ Դավութօղլուն հայտարարել էր, որ արդեն ընթացիկ տարվա հունիսին Թուրքիայի քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ այցելել առանց մուտքի արտոնագրի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---