Վիկ Դարչինյանի կոչը Ստեփանակերտից՝ «արձակուրդներն այստեղ անցկացրեք»

Վիկ Դարչինյանի կոչը Ստեփանակերտից՝  «արձակուրդներն այստեղ անցկացրեք»

PanARMENIAN.Net - Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վիկ (Վախթանգ) Դարչինյանն այս օրերին գտնվում է Արցախում:

Նա նշել է, որ մոտ երկու տասնամյակ է ինչ Ստեփանակերտում չի եղել և շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռնվել Արցախ այցելելու և հաճելի ժամանակ անցկացնելու: «Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաև դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց»,- ասել է Դարչինյանը, փոխանցում է Արցախպրեսը:

« Հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- ասել է Դարչինյանը:

2015-ի ամռանը Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից Արցախում ամառային հանգիստն անցկացնելու նպատակով ԼՂՀ է ժամանել ավելի քան 200 ընտանիք: Նախաձեռնությունն «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանինն է, որն էլ գլխավորել է հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը: Ճանապարհին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանի շրջան և դիմավորել հյուրերին:

2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ:

Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40%: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում: Ըստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---