ԱԳ նախարար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է պայմանների ստեղծման դեպքում

ԱԳ նախարար.  ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է պայմանների ստեղծման դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 26-ին խորհրդարանում հերքել է տեղեկությունները, թե, Վիեննայից հետո, հունիսին սպասվող Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ հնարավոր է ղարաբաղյան հարցի վերաբերյալ համաձայնագիր ընդունվի:

Պատասխանելով հնարավոր համաձայնագրի մասին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, արտգործնախարարն ասել է, թե՝ Վիեննայում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է այն, ինչ հայտարարվել է:

«Եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ նշված է 94 թվականի զինադադարի պայմանագրի անխտիր իրականացման անհրաժեշտությունը, համաձայնագրում նշվում է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ներդնելու մասին, ինչպես նաև խոսվում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնվելու մասին», -ներկայացրել է արտգործնախարարը, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով հաջորդ հանդիպման հնարավորությանը, Նալբանդյանն ասել է, որ այդ հանդիպումը, ըստ նրա նվիրված է լինելու բանակցությունների վերսկսմանը:

«Պարզ է, որ բանակցությունների վերսկսելու համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն:

Եթե այդ մեխանիզմները ներդրվեն, եթե ստեղծվի մշտադիտարկման հնարավորությունը, եթե ընլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և այսինքն` բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ», - ընդգծել է ԱԳ նախարարը:

Այդուհանդերձ, նախարարը տեղեկացրեց, որ հունիսի սկզբին հանդիպում է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ նախարարի, այդ հանդիպումները լինելու են առանձին` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ:

«Բացառված չէ, եթե բոլոր նախապայմանները ստեղծվեն և նախապատրաստվի այդպիսի հանդիպման հնարավորությունը, ապա կարող է լինել նաև հանդիպում», -հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Այդ բանակցությունների հիմնական նպատակը, նախարարի փոխանցմամբ, պետք է լինի հիմնախնդրի կարգավորման գլխավոր ուղղությունների մշակումը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր պայման. վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---