Բողոքի ակցիա, երթ, բաց նամակ Մերկելին. Թուրքերը «պատրաստվում են» Ցեղասպանության բանաձևի քննարկմանը Բունդեսթագում

Բողոքի ակցիա, երթ, բաց նամակ Մերկելին. Թուրքերը «պատրաստվում են» Ցեղասպանության բանաձևի քննարկմանը Բունդեսթագում

PanARMENIAN.Net - Գերմանիայի թուրքական միությունները և ասոցիացիաները Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի տեղի ունենալիք քվեարկության կապակցությամբ մայիսի 28-ին իրականացնելու են բողոքի խոշոր ակցիա և երթ, հայտնում է Ermenihaber-ը:

Հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը: Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ»:

Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ` բողոքի ակցիան տեղի է ունենալու Բեռլինում, իսկ «Մեծ երթ» անվամբ երթը սկսվելու է Բեռլինի Պոտսդամեր հրապարակից: Երթից առաջ կազմակերպիչներից մի քանիսը մամուլի ասուլիս են տվել:

Մասնավորապես Գերմանիայի «Ձախերի կուսակցության» նախկին պատգամավոր (2005-2009) և այժմ «Թուրք-ադրբեջանական միության» նախագահ Հաքքը Քեսքինը ասել է. «Գերմանիայի խորհրդարանը չի կարող հանդես գալ իբրև դատարան և դատավոր»:

Նա առաջ է քաշել Թուրքիայի ժխտողական թեզերը և հայտնել, որ երթին իրենց աջակցությունն են ցուցաբերելու Գերմանիայի «Թուրք-ադրբեջանական միությունը», «Թուրք-գերմանական» խորհուրդը, «Թալեաթ փաշա» միությունը, «Ճարտարապետների և ինժեներիների թուրք-գերմանական» միությունը և այլն: Բողոքի այդ միջոցառմանը սատարում է նաև «Իզմիրի փաստաբանների միությունը» նախագահ Այդին Օզջանի գլխավորությամբ:

Գերմանիայում գործող թուրքական 557 հասարակական կազմակերպությունների ստորագրությամբ բաց նամակ է ուղարկվել Գերմանիայի նախագահ Յոհաքիմ Գաուքին և կանցլեր Անգելա Մերկելին, որտեղ կոչ է արվել չհաստատել նշյալ բանաձևը:

Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնահագահ Օզթուրք Յըլմազն ասել է, որ նշյալ բանաձևը կարող է բացասական ազդեցություն թողնել թուրք-գերմանական հարաբերությունների վրա և առաջացնել լարվածություն: Նա այդ ամենը որակել է որպես «անպատասխանատուների կողմից արված սադրիչ քայլ»:

Գերմանական «Դեռ Թագեսշպիգել»-ի հաղորդմամբ, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման դեպքում Անկարայի արձագանքը լինելու է հուժկու և վատթարացնելու է Գերմանիայի կառավարության հետ հարաբերությունները: Թերթի հաղորդմամբ, Ցեղասպանության փաստի ճանաչման կողմնակիցներն են իշխող կոալիցիան և «Կանաչների» միությունը:

2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---