ԼՂՀ ՄԻՊ. Խանումյանի դեմ բռնարարքն անընդունելի է

ԼՂՀ ՄԻՊ. Խանումյանի դեմ բռնարարքն անընդունելի է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունն աննախադեպ որակել` նշելով, որ դա մի բան է, որը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Արդեն մոտավորապես 40 օր է ինչ իրականացնում եմ իմ մանդատը Ղարաբաղում, և այս ընթացքում աննախադեպ երևույթ է տեղի ունեցել, խիստ բացասական երևույթ է տեղի ունեցել։ Ես շատ մեծ հույս ունեմ և վստահ եմ՝ համոզմունքի հասնող, որ ես ստիպված չեմ լինի այսպիսի միջադեպով զբաղվել Արցախում։ Ես հենց նույն օրը՝ մի քանի ժամ անց, դատապարտել եմ այս բռնարարքը։ Սա անընդունելի է, սա մի բան է, որը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել», - ասել է օմբուդսմենը՝ միաժամանակ նշելով, որ ոչ մի երկիր նման միջադեպերից ապահովագրված չէ։

Օմբուդսմենը կարևորել է իրավապահների արձագանքը։ «Ես իմ դատապարտող հայտարարության մեջ մի քանի դատողություններ էի արել, որոնցից մեկն ակնկալել էի, որ բազմակողմանի օբյեկտիվ քննություն կիրականացվի և երկրորդը՝ կոչ էի արել որպեսզի թափանցիկության առավել մեծ ռեժիմ ընտրվեր։ Այս պահին կարող եմ արձանագրել, որ կարծեք թե այդ երկու չափանիշներն էլ ոնց որ թե պահպանվում են», - ասել է օմբուդսմենը:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով հունիսի 6-ին Ղարաբաղում ծեծի էր ենթարկվել հայտնել է, որ վիճակն արդեն լավ է, բուժումը շարունակում է տնային պայմաններում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ ընդդիմադիր պատգամավորը պատմել է, որ հունիսի 6-ին առավոտյան ժամը 10-ին գնացել է Ազգային ժողով՝ խորհրդակցության։ Խորհրդակցությունից հետո իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ քայլել է Ազգային ժողովի շենքի մոտով և այդ պահին իրենց են մոտեցել զինվորական համազգեստով անձինք, բարևել, անցել։

«Ես ու Թովմասյանը շարունակել ենք զրուցել և ես հետևից անակնկալ հարված եմ ստացել, որից հետո երեք-չորս հոգով ինձ դրել են մոտեցած մեքենայի մեջ և տեղափոխել Ստեփանակերտից դուրս՝ Արեշ թաղամասի և Խնածաղ գյուղի սահմանագիծը համարվող մի տեղանք, որտեղ մոտ երկու տասնյակ հոգով ծեծի են ենթարկել և ստիպել թուղթ գրել, որ ես հրաժարվելու եմ իմ մանդատից, ապագա քաղաքական գործունեությունից, հեռանալու եմ Արցախից, որ զղջում եմ երեկվա արածներիս համար և ինչ-ինչ մարդկանցից փողեր եմ վերցրել։ Այնուհետև մեքենան բերել է Ստեփանակերտ, որտեղ տաքսի են կանչել և տաքսին տարել է իմ ասած տեղը, որտեղից էլ զանգահարել ենք շտապօգնություն», - պատմել է Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը։

Խանումյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Երկու մարդ ձերբակալվել է: Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 9-ին ԼՂ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը: Սահակյանը և Ավանեսյանը ձերբակալված են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---