Ռալֆ Յիրիկյան. Եթե հանենք Արցախի հետ ռոումինգը, կզրկվենք լիցենզիայից

Ռալֆ Յիրիկյան. Եթե հանենք Արցախի հետ ռոումինգը, կզրկվենք լիցենզիայից

PanARMENIAN.Net - Արցախում լարված իրավիճակի օրերին բազմաթիվ բողոքներ էին հնչում, պահանջներ, որ Հայաստանում գործող բջջային օպերատորները հանեն ռոումինգի ծառայությունը Հայաստանի և Արցախի միջև:

Առաջիկայում նման քայլի հնարավորությանը և դրա խոչընդոտներին է անդրադարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա ասել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես և մյուս օպերատորները, լիցենզավորված են, որ գործեն ՀՀ տարածքում, և այլ տարածք մտնելիս պարտավոր են ենթարկվել Միջազգային բջջային կազմակերպության օրենքներին, հայտնում է Yerkir.am-ը:

«Հիմա կարող է հարց բարձրանալ, թե Արցախն ու Հայաստանը մեկ են, ինչո՞ւ է գործում ռոումինգը, բայց այդ ժամանակ էլ կարող եմ հակահարց տալ և ասել՝ եթե մեկ են, ո՞վ կարող է ինձ բացատրել` ինչո՞ւ ունենք երկու նախագահ, երկու կառավարություն, բանակ, ԱԺ… Ռոումինգը վերացնելու հարցն այնքան էլ հեշտ չէ, ավելին` շատ դժվար է և փոխկապակցված մի շարք պարտավորությունների հետ: Մենք գործում ենք միջազգային բջջային կազմակերպության օրենքներին և նորմերին համապատասխան»,- ասել է Յիրիկյանը:

Ինչ վերաբերում է ռոումինգի սակագների նվազեցմանը, ապա Յիրիկյանը նշել է, որ այն կարգավորվում է պայմանագրային հիմունքներով, և եթե այսօր` որպես օպերատոր, ցանկություն հայտնեն նվազեցնել միջազգային ռոումինգի սակագինը, դա կվնասի Արցախում գործող օպերատորներին:

«Մենք չենք կարող իջեցնել մեր սակագինն ավելի ցածր, քան տեղում գործող օպերատորինն է: Մեր ռոումինգային ելքի սակագինը 25 դրամ է, եթե հավաքեք *101*համարը#, կխոսեք 25 դրամով, և դա հաշվարկվում է վայրկյանով, այլ ոչ թե կլորացվում րոպեով: Դա արդեն նվազագույն սակագինն է, բայց, չնայած դրան, մենք ուզում ենք մի փոքր էլ նվազեցնել այն»,- ասել է նա:

Յիրիկյանը նշել է նաև, որ սակագինը մի փոքր էլ նվազեցնելու համար հիմա գնում են բանակցություններ, որ փորձեն ինչ-որ ելք գտնել: Նա նշել է, որ անձամբ հանդիպել է զինվորների հետ, և նրանք էլ բարձրացրել են այս խնդիրը: Յիրիկյանը զինվորներին խոստացել է մի քանի ամսվա ընթացքում, բանակցությունների արդյունքում, ինչ-որ ելք գտնել:

«Պատրաստ եմ ամեն ինչի` հանուն մեր ժողովրդի, բայց երբ խոսում ենք բիզնեսի մակարդակով, պետք է հասկանանք, որ կան բաժնետերեր, միջազգային կազմակերպություններ և օրենքներ: Եթե հարցնեք` իսկ մեր հայ զինվո՞րը, ես հետևյալը կարող եմ պատասխանել, որ մենք ամենախոշոր հարկատուն ենք Հայաստանում, մենք հարկ ենք վճարում, որից էլ ծախսում են զինվորի կարիքների համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ մենք անտարբեր ենք զինվորի հանդեպ, մենք այլ ծրագրեր էլ ունենք, որն անմիջապես օժանդակում է խրամատում կանգնած հայ զինվորին»,- ասել է նա:

Յիրիկյանը հավելել է, որ եթե իրենք ռոումինգը հանեն և Արցախը համարեն Հայաստանից անբաժան դաշտ` հեռահաղորդակցության առումով օրենք կխախտեն և արդյունքում կզրկվեն լիցենզիայից:

«2005-ի սկզբին, երբ անդամակցեցինք Միջազգային բջջային կազմակերպությանը, նրանք մեզ ասել են, որ եթե մենք գործունեություն ծավալենք Արցախի տարածքում, կզրկեն լիցենզիայից»,- ասել է Յիրիկյանը:

Ապրիլի 2-ից սկսած և հետագա օրերին դեպի Արցախ ռոումինգի 1 րոպեն արժեր 5 դրամ: Ինչպես տեղեկացրել էր ՎիվաՍել-ՄՏՍ-y, 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը սահմանվել էր 5 դրամ 1 րոպեի համար: Վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմում էր 5 դրամ:

 Ուշագրավ
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ