5-րդ TEDxKids@Yerevan-ին կմասնակցի ավելի քան 400 երեխա մայրաքաղաքից և մարզերից

5-րդ TEDxKids@Yerevan-ին կմասնակցի ավելի քան 400 երեխա մայրաքաղաքից և մարզերից

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Երևանում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա 5-րդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:

Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 400 երեխա Երևանից և մարզերից: TEDxKids@Yerevan 2016 միջոցառման թեման է` երազանքի հակառակ կողմում:

TEDxKids@Yerevan միջոցառման ընթացքում, տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենա 12-18 տարեկան 26 բանախոս, ոմանք՝ հատուկ կարիքներով: Նրանք խոսելու են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին:

Խոսնակներից Սիմոնը կխոսի ռոբոտաշինության ու այդ ոլորտում վերամշակման դերի մասին: Արմինեն կփորձի կյանքին նայել ասֆալտի տեսանկյունից ու ներկայացնել մեզ նրա մտորումները: Մոնիկան կներկայացնի ցածրահասակ լինելու կարծրատիպերը: Արտուշը կխոսի սահմանամերձ գյուղերի ու այնտեղի բնակիչների առօրյայի մասին: Որոշ ելույթներ ուղղված են հատկապես խտրականությունների խնդրին, ինչպես օրինակ, աղջիկների ֆուտբոլ խաղալն է:

Բազմաթիվ հայ երեխաներ, իրենց TEDx ելույթների շնորհիվ, նկատվել են համաշխարհային ճանաչում ունեցող ԲՈՒՀ-երի և մրցույթների կողմից: Ըստ TEDxKids@Yerevan-ի կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի՝ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը հայ երեխաներին լսելի և տեսանելի դարձնելն է ամբողջ աշխարհում:

TEDxKids@Yerevan 2016-ը հնարավոր է դարձել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հետ համագործակցության և մի շարք կազմակերպությունների՝ Վորլդ Վիժն Հայաստանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցության շնորհիվ:

2015-ին TEDxKids@Yerevan միջոցառումը կրում էր «Մանկան երևակայություն» խորագիրը: TEDxKids@Yerevan բանախոսների ելույթները դիտելու համար այցելեք kids.tedxyerevan.com// կայք:

Այս տարվա բոլոր ելույթները նույնպես կտեսագրվեն և ավելի ուշ կտեղադրվեն միջոցառման կայքում, ինչը կնպաստի հայ երեխաների բարձրաձայնած խնդիրների տարածմանը հանրության առավել լայն շրջանակներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---