26 մարտի 2007 - 17:22 AMT
Ուկրաինայի, Ղազախստանի, ԼՂՀ եւ Բուլղարիայի վարչապետները ցավակցություն են հայտնել հայ ժողովրդին
Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Ուկրաինայում խոր վշտով ընդունեցին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահը` հայ ժողովրդի փառավոր զավակի, ում կյանքն անձնազոհ նվիրումի օրինակ էր իր հայրենիքին` նրա վերածննդի եւ հայոց պետականության կայացման փուլում», մասնավորապես, նշված է Ոկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչ հեռագրում:

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Քարիմ Մասիմովի հեռագրում, մասնավորապես, աված է.«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան մասին: Կյանքից հեռացավ հեղինակավոր քաղաքագետը, իսկապես ազնիվ ու բարեկիրթ մարդը: Հայաստանը կորցրեց իր նվիրյալ զավակին, ով անգնահատելի ավանդ է ներդրել երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման գործում»:

ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հեռագրում ասված է.
«Խոր վշտով տեղեկացա իմ ընկերոջ ու մտերմի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահվան մասին: Մեծ է նրա անձնական դերը ոչ միայն Հայաստանում, այլեւ ԼՂՀ-ում անկախության հաստատման, պատերազմի հետեւանքների վերացման, տնտեսության զարգացման եւ հայկական երկու պետությունների միջեւ համագործակցության խորացման գործում:

Անհնար է մոռանալ այն ծավալուն օժանդակությունը, որ այդ բարի ու նրբազգաց մարդը ցույց է տվել Արցախին, ինչը մշտապես զգացվում էր ժողովրդի կողմից, որն այսօր լուսավոր հիշողություններ է պահպանում նրա մասին` որպես պետական ու քաղաքական գործչի, Հայրենիքի նվիրյալ զավակի, ում համար այնքան թանկ էր հայոց հողը: Անդրանիկ Մարգարյանի հիշատակը մշտապես կմնա արցախցիների սրտերում»:

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Բուլղարիայի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր խորին ցավակցությունները վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Հարգված քաղաքագետի եւ պետական գործչի անունը կապված կմնա Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասշտաբային բարեփոխումներին ու եվրոպական ընտանիքին երկրի ինտեգրմանն ուղղված ջանքերի հետ: Բուլղարիայում Անդրանիկ Մարգարյանին բարձր էին գնահատում հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում ունեցած ակտիվ դերակատարման համար»: