Հայազգի պատգամավորը Թուրքիայում պարտադիր կրոնական դասընթացների մասին պարզաբանում է պահանջել

Հայազգի պատգամավորը Թուրքիայում պարտադիր կրոնական դասընթացների մասին պարզաբանում է պահանջել

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող հայ պատգամավոր Սելինա Դողանը ազգային կրթության նախարարին հարցում է հղել՝ ուսումնական հաստատություններում պարտադիր կրոնական դասընթացների վերաբերյալ: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Դողանն իր հարցումը մեջլիս էր ուղարկել դեռևս 2015թ. դեկտեմբերին՝ ակնկալելով այն ժամանակվա կրթության նախարար Նաբի Ավջըի պատասխանը: Սակայն հայ պատգամավորի հարցերին պատասխանել է արդեն նոր նախարար Իսմեթ Յըլմազը, հայտնում է Ermenihaber-ը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայում պարտադիր կրոնական դասերի և դրանց բովանդակության վերաբերյալ գործի շրջանակներում կայացրած վճռով դատապարտել էր Թուրքիային և սահմանել, որ կրոնի դասերը պետք է հանել կրթական հաստատությունների պարտադիր ուսումնական ծրագրից:

Սելինա Դողանը կրթության նախարարից մասնավորապես հարցրել էր, թե ինչու, չնայած հիշյալ որոշմանը, Թուրքիայի այս ոլորտում դեռ որևէ փոփոխություն չի կատարվել և կրոնի դասերը դեռ շարունակում են պարտադիր կարգով ուսուցանվել:

Իսմեթ Յըլմազն ի պատասխան տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար ածելու նպատակով մշակվել է հատուկ «գործողությունների պլան», որը ուղարկվել է արդարադատության նախարարություն:

«Արդարադատության նախարարության կողմից վերջնական տեսքի բերված գործողությունների պլանի համաձայն՝ ԱԻՀՄ-ի վճիռը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լայնածավալ ուսումնասիրություն անցկացնել և խնդիրը բազմակողմանի գնահատել: Այդ նպատակով տարբեր մասնագետներից կազմված հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իր աշխատանքները կսկսի հունիսից: Նախատեսված է, որ խմբի աշխատանքները կավարտվեն ամենաուշը 2016թ. տարեվերջին», - ասված է նախարարի պատասխանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---